Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հրապարակելու է նախագահի պաշտոնանկության հիմքերի մասին հռչակագիր


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նոյեմբերի 25-ի հանրահավաքում ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մանրամասնել հռչակագրի բովանդակությունը` նշելով, որ հանրահավաքի օրը այն կներկայացվի հասարակությանը:

«Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Պատգամավորները կա'մ դա անելու են ժողովրդի ցանկություններին ընդառաջ, կա'մ ստիպված են լինելու զիջել իրենց տեղը այն մարդկանց, որոնք այդ հռչակագրի կողմնակիցն են լինելու»:

Դիտարկմանը, թե այսօր Ազգային ժողովում մեծամասնությունը (63 մանդատ) Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներն են, ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «1988 թվականին էլ Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհրդի մեծամասնությունը կոմունիստներն էին, բայց դա չէր խանգարում այն ժամանակվա համաժողովրդական շարժմանը աշխատել նրանց հետ եւ հասնել անհրաժեշտ լուծումների: Իհարկե, դա հնարավոր դարձավ միայն շնորհիվ համաժողովրդական շարժման ակտիվության, ժողովրդական այդ ճնշումների: Նույն բանը անելու ենք նաեւ մենք»:

Հարցին, թե Կոնգրեսը երբ է անցնելու ավելի վճռական գործողությունների, Զուրաբյանը պատասխանեց, թե դա հիմնված կլինի բազմաթիվ քաղաքական գործոնների վրա` վստահեցնելով, սակայն, որ «պահի ընտրության հարցում» Կոնգրեսը չի սխալվի:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը նախապատրաստվում է գալիք գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, Զուրաբյանը արձագանքեց. - «Մեր մտածելակերպը հետեւյալն է` մենք պետք է պատրաստ լինենք ընտրությունների ցանկացած պահի»:

Իսկ հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, որ Կոնգրեսը ունի իր նախընտրական ցուցակը, նա պատասխանեց. - «Դա բացարձակապես չի նշանակում դա, որովհետեւ համամասնական եւ մեծամասնական ցուցակները ներկայացնելու ժամկետ կա: Մենք այս ժամանակը ունենք եւ, վստահ եմ, որ մենք կկարողանանք այդ խնդիրը շատ արագ լուծել: Իսկ նախապես նման ցուցակի քննարկումներ անելը մենք նպատակահարմար չենք համարում, ուստի նման քննարկում Կոնգրեսում չի եղել»:

Ինչ վերաբերում է ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությանը, ապա, ըստ Զուրաբյանի, իրենք բաց են համագործակցության համար եւ, իհարկե, կցանկանային համախմբել ընդդիմադիր ուժերին. այդ նպատակով պատրաստ են ե'ւ խոսել, ե'ւ բանակցել:

«Ոչ միայն չենք բացառում, այլեւ ուրախ կլինեինք, բայց նաեւ չենք ուզում կեղծ հույսեր ստեղծել», - ասաց նա:

Այդուհանդերձ, հարցին, թե իրատեսական համարում է «Ժառանգության» կան ՀՅԴ-ի նախընտրական դաշինքի ստեղծումը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Այս պահին եթե ասեմ ռեալիստական զգացում ունեմ, որ դա ռեալիստական կարող է լինել, դեռ չունեմ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG