Մատչելիության հղումներ

Հայ եւ թուրք գործարարները հստակեցնում են համագործակցության եզրերը


Հայ-թուրքական բիզնես ֆորում Երեւանում, 22 նոյեմբեր, 2011

Հայ-թուրքական բիզնես ֆորում Երեւանում, 22 նոյեմբեր, 2011

Հայ եւ թուրք գործարարները երեքշաբթի օրը ստորագրված համաձայնագրով պատրաստակամություն հայտնեցին համագործակցել միմյանց հետ: Հուշագիրը ստորագրվեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ Երեւանում:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 50 թուրք գործարարներ` հիմնականում Արեւելյան Թուրքիայից: Նրանց ու 70 հայ գործարարի մասնակցությամբ ընթացող համաժողովում քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համաժողովի մասնակիցները նշում էին, որ երկու երկների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն առաջին խոչընդոտող գործոնն է: Դիարբեքիրի առեւտրարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիյադին Գեզերը, իր ելույթում անդրադառնալով հայ-թուրքական ներկայիս համագործակցության մակարդակին, կարեւորեց հայ-թուրքական սահմանի բացումը:

«Հայ-թուրքական սահմանի բացման համար մենք երկար ժամանակ ենք աշխատում: Աշխարհում ցանկացած երկիր իր հիմնական առեւտրի 60 տոկոսը կատարում է հարեւանի հետ», - ընդգծեց նա:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 169 միլիոն դոլար: Պաշտոնական տվյալների համաձայն` դրա գրեթե 100 տոկոսը կազմում է Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքները:

Գործարարները կարծում են, որ պետք չէ սպասել, թե երկու երկրները երբ կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, կբացվի հայ-թուրքական սահմանը: Մինչ այդ նրանք նման հանդիպումներով կփորձեն ընդլայնել գործընկերության սահմանները:

Գաֆույ Թուրքայը, ով ներկայացնում է Դիարբեքիրի ապահովագրական ընկերություններից մեկը, ազգությամբ հայ է: Հովհաննես Օհանյանը նրա հայկական անուն ազգանունն է: Նա վստահ է, որ այս համաժողովի արդյունքում կհստակեցվեն հայ-թուրքական բիզնես ոլորտի համագործակցության ուղիները:

«Հայաստանում ենք, որպեսզի հայ գործարարներին տանենք Թուրքիա, նպաստենք հայկական ու թուրքական ապրանքների փոխանակմանը: Այս ուղղությամբ էլ աշխատանքներ ենք տանում», -ասում է Թուրքայը:

Ֆիրատ Ասլանը Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ է: Նա զբաղվում է շոկոլադի արտադրությամբ եւ ցանկություն ունի իր արտադրանքը իրացնել նաեւ հայկական շուկայում, ինչպես նաեւ համագործակցել տեղի արտադրողների հետ: Ասլանի կարծիքով, եթե հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները զարգանան, ապա պետությունների վրա ճնշում կգործադրվի ու նրանք կբացեն սահմանը: Շարունակելով գործարարը նշում է, թե ինքը կարող է շոկոլադ վաճառել Հայաստանին, իսկ Հայաստանից Թուրքիա տանելու ապրանք հաստատ կգտնի:

«Այն օրը, երբ Հայաստանի ապրանքները նույնքան որակյալ դառնան, որքան թուրքական ապրանքներն են, դրանք տեղ կգտնեն թուրքական շուկայում», - համոզված է Ասլանը:

Համաժողովին զուգահեռ թուրք եւ հայ գործարարները ցուցադրում էին իրենց արտադրանքը: Դիարբեքիրի «Շիբեր» տեքստիլ ընկերության ղեկավար Իհսան Օգյուրլուն, ցույց տալով իր ընկերության արտադրանքը, ասում է. - «Վրաստանում ու Հունաստանում ունենք մեր շուկան: Եթե Հայաստանում գործընկեր գտնենք, ապա նրա արտադրանքը եւս կարտահանենք այդ երկրներ»:

Սամվել Գասպարյանը «Արտսոկս» ընկերության հիմնադիրն է: Ընկերությունը 3 տարի է գուլպաների արտադրությամբ է զբաղվում եւ նույնքան տարի էլ համագործակցում է թուրք գործընկերների հետ:

«Քանի որ Թուրքիայում այս ճյուղը շատ զարգացած է, մեզ համար գրագետ կլիներ նախ ուսումնասիրել իրենց փորձը, գտնել գործընկերներ: Ափսոս, որ մենք ստիպված ենք եղել դա անել մեր սեփական միջոցներով», - ասաց հայ գործարարը:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանն ասում է, որ շատ թուրք գործարարներ սպասում են սահմանի բացմանը, որպեսզի Թուրքիա տանեն ջուր, ծխախոտ, շինանյութ:

«Այստեղ ներկա է թուրք գործարարներից մեկը, ով ասում է` սահմանը հենց բացվեց, Հայաստանից Թուրքիա առաջինը պետք է արտահանեմ ջուր եւ շինանյութեր», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով` սա հայ եւ թուրք գործարարների համագործակցության առաջին քայլերը չեն. դեռեւս 14 տարի առաջ ստեղծվել է հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդը: Բայց, նրա կարծիքով, այսօր կնքված հուշագիրը եւս մեկ հնարավորություն կտա հստակեցնելու համագործակցության եզրերը:

XS
SM
MD
LG