Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 21-25 Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս, որի ժամանակ երիտասարդ գիտնականները ներկայացնելու են իրենց գիտական աշխատանքները:

Կոնֆերանսին մասնակցում են ոչ միայն երիտասարդ գիտնականներ, այլեւ ուսանողներ, ովքեր կներկայացնեն իրենց մագիստրոսական աշխատանքները:

Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդ աստղագետները «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեցին, որ աստղագետների հիմնական խնդիրը ֆինանսավորման պակասն է:

Մոսկվայի պետական համալսարանի ուսանող Կոնստանտինն ասաց, որ Ռուսաստանում աստղագիտության վիճակը վատ է հատկապես դիտարկումների գծով. - «Խնդիրն այն է, որ սեփական բազաներ չունենք դիտարկումների համար: Իհարկե կան, բայց կուզենայինք, որ ավելի շատ ու նորացված լինեին: Մեկ այլ խնդիր է ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորումը, որով զբաղվում է «Ֆունդամենտալ հետազոտությունների ռուսական ֆոնդը»: Այժմ պատրաստվում են կրճատել դրա ֆինանսավորումը, այդ խնդիրը դեռ մինչեւ վերջ լուծված չէ»:

Ասպիրանտ Իլյան էլ նշեց, որ Ռուսաստանում շատ չեն աստղագիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդները. - «Մասնագիտության հեղինակությունը կարծես ընկել է, եւ, իհարկե, աստղագիտությամբ սկսում են զբաղվել ոչ մեծ գումարներ վաստակելու համար: Ասպիրանտի ամսական կրթաթոշակը 2500 ռուբլի է (մոտ 30.000 դրամ): Աստղագիտությամբ զբաղվում են այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են դրանով եւ իրենց չեն պատկերացնում առանց դրա»:

22-ամյա Տիգրան Նազարյանն էլ ասաց, որ Հայաստանում բացի ֆինանսավորումից մեծ խնդիր է նաեւ կադրերի պակասը` հատկապես աստղաֆիզիկայի բնագավառում:

Հարցին, թե ինչը իրեն բերեց աստղագիտություն, Տիգրանը պատասխանեց. - «Ես սիրում եմ այս գործը: Դա ինչ-որ չափով կոմպենսացնում է ֆինանսական քիչ եկամուտը: Մյուս կողմից էլ աստղագիտության ոլորտում էլ կարելի է բավարար քանակով գումար աշխատել տուն պահելու համար»:

Գումարներ աստղագիտությունում կարելի է աշխատել հիմնականում արտասահմանյան դրամաշնորհների միջոցով կամ արտասահմանում աշխատելով: Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը նշեց, որ ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդները նախընտրում են չզբաղվել աստղագիտությամբ, իսկ ովքեր շարունակում են իրենց գործունեությունը աստղագիտության ոլորտում, փորձում են շարունակել այն արտասահմանում:

«Իմ կուրսից երկու ուսանողներով ենք շարունակել աստղագիտության ոլորտում աշխատել: Հիմա աստղագետների հոսք կա, բայց երբ գալիս տեսնում են Բյուրականի վիճակը, նրանցից շատ քչերն են մնում այդտեղ», - ասաց Հայկ Աբրահամյանը:

«Որպես դրական կողմ կարող եմ նշել այն, որ հիմա շատ զարգացած է տարբեր երկրների միջեւ համագործակցությունը, եւ երիտասարդ գիտնականի համար դժվար չէ արտերկիր մեկնել, զեկույց կարդալ եւ համապատասխանաբար տպագրվել արտասահմանյան եւ ռուսական հրատարակություններում», - ասաց Մարիան Մոսկվայի պետական համալսարանից:

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտած, այժմ Ֆրանսիական «Լատմոս» գիտահետազոտական լաբորատորիայի եւ Վերսալի համալսարանի աշխատակից Ալան Սարգսյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանից այս տարի Վերսալի համալսարան են գնացել երկու ուսանողներ:

Հարցիս` ի՞նչ ունեն ֆրանսիացի երիտասարդ գիտնականները, որը չունեն հայ երիտասարդ գիտնականներն, Ալան Սարգսյանը արձագանքեց. - «Կասեմ ինչ ունեն հայերը, որը չունեն ֆրանսիացիները: Հայերը շատ աշխատասեր են եւ շատ խելացի, նրանց միջոցներն են սահմանափակ: Ես հասկանում եմ, որ Հայաստանը չի ուզում, որ իր աստղագետները գնան, բայց երբ գալիս են Ֆրանսիա, տեսնում են պայմանները, շատերը ձգտում են մնալ մեզ մոտ: Ինձ թվում է, եթե աստղագետը լավ պայմաններ ունենա, նույն գործը կանի նաեւ այստեղ», - ասաց Ալան Սարգսյանը:

XS
SM
MD
LG