Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը ակնկալում է, որ նախագահը անձամբ կարձագանքի իր նամակին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած 15 կետից բաղկացած նամակին, ասաց` այն «նախընտրական, պոպուլիստական քայլ չէր. շատ պարզ, ոչ օրիգինալ ճշմարտություն էր, որի մասին գիտեն մեր քաղաքացիները»:

Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, թե ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը անձամբ է արձագանքելու իր բարձրացրած մտահոգություններին, իսկ եթե տիրապետում է իրավիճակին, եւս 15-ն էլ ինքն է ավելացնելու դրանց:

«Եթե ունենալու ենք վերջապես ազատ եւ արդար ընտրություններ, ինչպես ինքը, գործող վարչապետը, պաշտոնատար այլ անձինք հայտարարում են Բրյուսելում, Մոսկվայում, Երեւանում եւ Լոս Անջելեսում, ուրեմն անհրաժեշտ է, որ կուսակցությունը առանձնացվի պետությունից, որ հանրային ռեսուրսը, պետական պաշարները եւ ինքնությունը տարանջատվեն կուսակցականությունից», - ասաց Հովհաննիսյանը:

Երկուշաբթի Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը այս նամակի առնչությամբ ասել էր, թե իշխող կուսակցությունն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանը ասածը, բայց դա իրենց կուսակցությանը «չի վերաբերում»:

«Եթե այս հարցերը չեն վերաբերում Հանրապետական կուսակցությանը կամ որեւէ այլ կուսակցության, գործող նախագահը ինքը թող պատասխանի, որ ճշգրիտ չեն հարցադրումները: Ես կարծում եմ, որ ցանկացած անկեղծ, ազնիվ, սրտացավ մոտեցում` քաղաքացիական լինի, թե քաղաքական, պիտի ընդունի, որ այս հարցերը առկա են եւ պետք է լուծվեն», - հակադարձեց «Ժառանգության» առաջնորդը:

Հարցին, թե նամակում նշված պահանջները չկատարվելու դեպքում արդյո՞ք ինչ-որ գործողություններ կհետեւեն դրանց, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Երբ որ արդեն մոտենանք նախընտրական շրջանին կամ ընտրությունների շեմին, մենք կդիտարկենք ստեղծված իրավիճակը` այս 15+ չափանիշների համապատասխան, նաեւ այդ որոշումից բխող գործողություններ կիրականացնենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` իր նամակում նշված կետերի մեծ մասը ենթադրում է «քաղաքական կամք եւ քաղաքացիական պարկեշտություն»:

«Չզբաղվել քաղաքական հատվածական գործունեությամբ նախագահական նստավայրում, չստորագրել միջկուսակցական հուշագիր պետական նշանակության նստավայրում եւ պետական բյուջեի փողերով կազմակերպված ընդունելությամբ եւ շամպայնով»,- ասաց նա:

Ազատ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների հայտարարությունները «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին դրանց ճշմարտացիությանը թերահավատությամբ է վերաբերվում:

«Փաստացի իրավիճակը, հետագիծը, լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հրաշալի գրված ճառեր են, որոնք համապատասխանություն չեն գտնում մեր իրականության հետ», - ասաց «Ժառանգության» հիմնադիր-առաջնորդը:

Առաջիկա ընտրություններում «Ժառանգության» շանսերի մասին խոսելիս` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ազատ, արդար, թափանցիկ, խոստացված ընտրությունների պարագայում «Ժառանգություն»-ը կլինի «առաջատարներից մեկը» եւ «մաս կկազմի Ազգային ժողովում նոր մեծամասնության կազմավորմանը»:

«Եթե պակաս են հաջորդ ընտրությունները այդ խոստացված չափանիշներից, ուրեմն մենք պիտի մեզ պատրաստենք հերթական անհավասար պայքարի», - ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ այս պահին պատրաստվում են հենց անհավասար պայքարի:

«Ժառանգություն»-ը չի բացառում նախընտրական դաշինքների կազմավորումը, անգամ նախընտրական մեկ ցուցակով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը ձեւակերպեց, հաղորդակցության ուղիները բաց են պահում, սակայն այս պահին դաշինքների ձեւավորման հարցով քննարկումները «Ժառանգություն»-ը որեւէ ուժի հետ չի անցկացնում: Նա համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ օրը մեկնարկելու է նախագահականի պայքարը: «Ժառանգության» առաջնորդը ուզում է, որ Հայաստանը դուրս գա «հին շրջանակներից»: Հարցին, թե «հին շրջանակներից» դուրս գալ ասելով արդյո՞ք Հայաստանի երեք նախագահներին ի նկատի ունի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Թե' գործող դերակատարներին, թե' հատվածապաշտ, նեղ մտայնության, թե' ամեն մեկը իր առանձին արահետով գնալու եւ ինքնագովեստով զբաղվելու իրենց դարն ապրած մոտեցումների մասին եմ խոսում: Ես ինքս ընդդիմադիր լինելով` Հայաստանի երեք նախագահներին էլ գնահատում եմ` որպես պետական գործիչներ, իրենց ծառայությունները, քննադատում եմ նաեւ նրանց սխալները, որոնք մեծ են եղել, եւ մեկը մյուսին շարունակելով` խորացրել են այդ սխալները թե' արտաքին, թե' ներքին չափումներով, եւ ժամը եկել է, որ հիմնադիր գործիչները, այրերը հասկանան, որ սերնդափոխության պահը հնչել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG