Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի նոյեմբերի 29-30-ը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կայցելի Վրաստան։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ - վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Վրացական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի առաջիկա այցի մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է նաեւ Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն։

Անցած ամիս Մանջղալաձեն հայտնել էր, թե Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելելու նոյեմբերի սկզբին, սակայն պաշտոնական Երեւանը չհաստատեց այդ տեղեկատվությունը։

Դա առիթ տվեց Հայաստանի նախագահի այցը չեղյալ հայտարարելու մասին ենթադրությունների։

Նոյեմբերի 7-ին Հայաստան այցելած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` հավելելով, որ Երեւան է ժամանել Սերժ Սարգսյանի այցը նախապատրաստելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG