Մատչելիության հղումներ

Արդեն 10 տարի մշակվում եւ լրամշակվում է «Երիտասարդության մասին» օրինագիծը


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

2012-ին կլրանա 10 տարին, ինչ «Երիտասարդության մասին» օրինագիծը քննարկվում է, ուղարկվում Ազգային ժողով, հայտնվում տարբեր հանձնաժողովներում եւ կրկին հետ կանչվում կառավարություն: Այժմ այն մշակվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի պնդմամբ, «Երիտասարդության մասին» օրենք ունենալը անհրաժեշտ է, սակայն այն պետք է լինի ոչ թե բարի ցանկությունների շարան, այլ մեր իրականությանն ու հնարավորություններին համապատասխանող գործող փաստաթուղթ. - «Օրենք ասելով` մենք պետք է հասկանանք կարգավորման առարկա: Ազգային ժողովում գտնվող տարբերակից դա հասկանալի չէր: Օրենքը ոչ միայն խնդիրներ կկարգավորի, այլեւ այնտեղ կլինեն հստակ սահմանումներ` ինչ ասել է երիտասարդ, երիտասարդ ընտանիք»:

Մեկ ամսից նախարարությունը պատրաստվում է ներկայացնել երիտասարդության ազգային զեկույցը, որում ներառված հետազոտությունները եւ ուսումնասիրությունները օգտագործվելու են օրենքի նախագիծը մշակելիս:

Երիտասարդներից ոմանց կարծիքով, պետք է ավելացվեն սոցիալական կետերը, այլապես օրենքը կլինի պարզապես դեկլարատիվ բնույթի հայտարարությունների փաթեթ:

Փոխնախարարի խոսքով, ի սկզբանե պատգամավորների առաջարկած խիստ սոցիալական ուղղվածության մի շարք կետերի պատճառով էլ նախագիծը չէր ընդունվում, քանի որ պետությունն ի զորու չէ նման աջակցություն ցուցաբերել երիտասարդներին:

«Այս օրինագծում էլ հիմնական շեշտադրումները լինելու են սոցիալական ուղղվածության` երիտասարդ մարդկանց համար որոշակի բարենպաստ միջավայրի ձեւավում: Ցավալիորեն սա լավ օրից չի գալիս: Այս օրենքով պետք է փորձ կատարենք երիտասարդ մարդկանց զերծ պահենք հնարավոր տնտեսական, սոցիալական ռիսկերից», - հավելեց փոխնախարարը:

Երիտասարդների համոզմամբ`մեզ այսօր պետք է մի ուժ, թեկուզ օրենքի տեսքով, որով կառաջնորդվեն երիտասարդները, կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները եւ ինչ-որ չափով խուսափել սոցիալական անարդարությունից: Սակայն շատերը անգամ պատկերացում չունեն, թե ինչ կարող է այն կարգավորել:

Փոխնախարարը հուսով է, որ 2012-ին այն ի վերջո կյանքի կկոչվի:
XS
SM
MD
LG