Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել վարչապետի միջնորդությանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով վարչապետ Տիգրան Սարգսյանի միջնորդությունը, արդեն իսկ համապատասխան նյութեր է ուղարկել ոստիկանություն` հանձնարարելով օրենքով սահմանված կարգով ստուգել քաղաքացի Հարություն Առաքելյանի` վարչապետին եւ արդարադատության նախարարին ուղղված բաց նամակում մատնանշված հանգամանքները եւ ընթացք տալ այդ ամենին:

Երկուշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ դիմել էր գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն Հարություն Առաքելյանի հայտարարության մեջ նշված պնդումները եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Վարչապետի այս միջնորդության համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ քաղաքացի Հարություն Առաքելյանը, ով ժամանակին զբաղեցնում էր Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետի պաշտոնը, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաեւ նրա եղբորը պատասխանատու է համարում «Նաիրիտ» գործարանի հետ կապված միլիոնավոր դոլարների անհետացման համար:

Ինչպես «Ազատություն ռադիոկայանին տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Հարություն Առաքելյանը մի բաց նամակ էլ ուղարկել է գլխավոր դատախազություն: Բոլոր այդ նյութերն այսօր ուղարկվել են ոստիկանություն:

«Դատախազությունը վարչապետի դիմումը, ինչպես նաեւ Հարություն Առաքելյանի բաց նամակը, որը ստացել ենք այսօր առավոտյան, ուղարկել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն օրենք սահմանված կարգով ընթացք տալու եւ մատնանշված հանգամանքները ստուգելու», - ասաց Տռուզյանը:

«Հարություն Առաքելյանը խոսում է միլիոնավոր դոլարների յուրացման մասին, դա՞ նույնպես ուսումնասիրության առարկա է դառնալու» հարցին, Տռուզյանը պատասխանեց. - «Ես նշեցի, որ դատախազությունը ստացել է Հարություն Առաքելյանի բաց նամակը, եւ այդ նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն ուսումնասիրելու: Բնականաբար, բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն, օրենքով սահմանված կարգով կտրվի լուծում»:

«Գործը կուսումնասիրեն, նյութեր կնախապատրաստեն եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը համապատասխան որոշում կկայացնի: Երբ բավարար տեղեկատվություն կլինի, կհրապարակենք», - ասաց Տռուզյանը:

Հարություն Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ինքը դատարան չէ, որ ինչ-որ մեկին մեղադրի, ուղղակի ինքն ուսումնասիրությունն է արել օֆշորային գոտում գտնվող մի կազմակերպության կողմից «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի հետ կապված եւ դրանք ուղարկել է եւ Գլխավոր դատախազություն եւ Ազգային անվտանգության ծառայություն:

«Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական գույք հանդիսացող բաժնետոմսերը գրավադրվել են «Մեժգոս» բանկում, դիմացը վերցրել են 70 միլիոն դոլար վարկ, եւ դրա 39 միլիոնն է մուտքագրվել պետական բյուջե: 31 միլիոնի ճակատագիրն էլ անհայտ է, այն պարագայում, երբ գրավադրվել է «Նաիրիտ» գործարանը: Այսինքն պետք է պետական բաժնետոմսերը չտրվեին օֆշորային գոտում գրանցված այդ կազմակերպության նվեր, որովհետեւ այդ կազմակերպությունը գրպանում երկու լոբի չուներ, որ 70 միլիոն դոլար վարկ վերցներ: Այդ վարկը վերցվել է նվիրատրված պետական բաժնետոսմերից», - ասաց Առաքելյանը:

Իսկ թե ինչու է շոշափում վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, Հարություն Առաքելյանն ասաց, թե այդ գործարքը իրականացնելիս «Մեժգոս» բանկի կառավարիչներին էին հանդիսանում ԱՊՀ Կենտրոնական բանկի նախագահները, իսկ այն ժամանակ ռոտացիոն կարգով բանկի նախագահ էր հենց Տիգրան Սարգսյանը, ով եւ պետք է շահագրգռված լիներ մնացած 31 միլիոն դոլարի ճակատագրով: Հարցին, թե նման տեղեկություններ հրապարակելով ինքը մտավախություն չունի, որ կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ, Առաքելյանը պատասխանեց. - «Չէ, ջհանդամը թե կմեղադրեն, ես գիտեմ, որ ես իմ անձնական հարցը չեմ բարձրացրել, ես բարձրացրել եմ պետական սեփականություն հանդիսացող գույքի հարցը: Կմեղադրեն, չեն մեղադրի, դա այնքան էլ էական չէ: Չեմ ասում այդ 31 միլիոնը տվեք, տանեմ մեր տուն, ես ասում եմ մուծեք պետական բյուջե»:

XS
SM
MD
LG