Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Դավութօղլուի հայտարարությունը` ժխտողականության շարունակություն»


«1915 թվականի վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում հոլանդական հեղինակավոր De Volkskrant օրաթերթին տված հարցազրույցում:

«Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին», - հավելել է Նալբանդյանը։

Ի պատասխան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցի` Նալբանդյանը նաեւ ընդգծել է. - «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարեւորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել եւ չեն կարող դրվել»:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի պնդումներին, թե 2005 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, ապա պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը ուղարկվել եւ հրապարակվել է 2005 թվականի ապրիլի 25-ին: Թե՛ միջազգային հանրությունը, եւ թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունից», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հարցազրույցում ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG