Մատչելիության հղումներ

Time. «Էրդողանի աստեղային ժամը»


Թուրքիա - Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր աջակիցներին նախընտրական հանդիպման ժամանակ, Քասթամոնու, մայիս, 2011թ.
Թուրքիա - Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր աջակիցներին նախընտրական հանդիպման ժամանակ, Քասթամոնու, մայիս, 2011թ.
«Էրդողանի աստեղային ժամը»` այսպես է վերնագրել ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը Թուրքիայի վարչապետին նվիրված ծավալուն հոդվածը, որի համաձայն` Ռեջեփ էրդողանն այսօր ամենախարիզմատիկ առաջնորդն է Մերձավոր Արեւելքում։

«2010 թվականին կատարված սոցիոլոգիական հարցումների համաձայն, Էրդողանը ճանաչվել է ամենապաշտելի եւ ազդեցիկ առաջնորդը արաբական աշխարհում։ Կահիրե կատարած վերջին այցի ժամանակ խանդավառ ամբոխը նրան ռոք-աստղի նման դիմավորեց», - փաստում են Time-ի լրագրողներն ու մանրամասնում. - «Օդանավակայանում կարմիր գորգեր էին, հրավառություններ, բարձրաստիճան հյուրի բերանից բառեր որսացող հարյուրավոր լրագրողներ ու լուսանկարիչներ, որոնք տեսախցիկների լույսով գիշերը ցերեկ էին դարձրել»։

«Հին բռնապետերի դեմ դուրս եկած արաբական այս երկրներում երիտասարդությունը ի դեմս էրդողանի տեսնում է իր երազած առաջնորդին, պաշտոնական Վաշինգտոնը եւս չի թաքցնում, որ ուզում է հեղափոխություններից հետո արաբական աշխարհում նրա նման ղեկավարներ տեսնել», - գրում են Time-ի հոդվածագիրներն ու վերլուծում է, թե որն է թուրք վարչապետի հաջողության գաղտնիքը, եւ ինչպես է նա այսօր աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը դարձել։

Հաջողության առաջին բանալին, ըստ Time-ի, Թուրքիայի` վերջին տարիների շարունակական տնտեսական աճն է. կառավարման 8 տարիների ընթացքում էրդողանը կարողացավ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը եռապատկել, կրճատել բյուջեի պակասորդն ու էականորեն բարելավել շարքային թուրքերի կյանքը։

Հաջողության հաջորդ գրավականը, ըստ վերլուծաբանների, էրդողանի ու նրա արտգործնախարարի քաղաքականությունն է հարեւանների նկատմամբ։

«Մահմեդական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելուց բացի, էրդողանի կառավարությունը կարողացավ նաեւ ամրապնդել կապերը Իսրայելի ու Սիրիայի աշխարհիկ վարչակազմի հետ», - փաստում է Time-ը եւ հիշեցնում, որ մինչեւ էրդողանի պաշտոնավարումը պաշտոնական Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունները բավական լարված էին։

Այս համատեքստում Time-ի վերլուծաբանները հիշատակում են նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը` նշելով. - «Այս ամենը համապատասխանում է էրդողանի որդեգրած` զրո պրոբլեմ հարեւանների հետ դոկտրինին, որի նպատակն է նոր բարեկամներ գտնել առավել ընդարձակ աշխարհում եւ ամրապնդել Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում»։

Վերլուծելով էրդողանի անցած ճանապարհը` Time-ը, միաժամանակ, փաստում է, որ բազմաթիվ հաջողություններից բացի` այսօր Թուրքիայի չափավոր իսլամիստական կառավարության առջեւ նաեւ մի շարք մարտահրավերներ են կանգնած. ժողովրդավարությունը կաղում է, վեց տասնյակից ավելի լրագրողներ ազատազրկված են, քուրդ անջատողականների դեմ պայքարը չի հանգուցալուծվում, մինչդեռ անմիջական հարեւանությամբ` Սիրիայում, արյունահեղություն է բորբորքվում։

Քաղաքական դաշտում, սակայն, ամենամեծ մարտահրավերը, ըստ Time-ի, Թուրքիայի նոր Սահմանադրությունն է։ «Այսօր Ստամբուլի կուլուարներում ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ էրդողանը Սահմանադրության այդ բարեփոխումների անվան տակ կարող է առավել մեծ լիազորություններ տալ երկրի նախագահին, ապա` աշխատել այդ պաշտոնը գրավելու ուղղությամբ», - գրում են Time-ի հոդվածագիրներն ու ընդգծում. - «Եթե ժամանակին էրդողանի ընդդիմախոսները մտավախություն ունեին, թե նա կարող է Թուրքիան Իրանի ճանապարհով տանել, ապա այժմ վախենում են, թե նա կարող է Ռուսաստանի` Մեդվեդեւի ու Պուտինի օրինակին հետեւել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG