Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 22-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Անցած տարիների ընթացքում Հայաստանը կարծես թե չի զգացել, եւ այժմ էլ չի զգում ծրագրի եւ գաղափարի պակաս: Նույնիսկ կար մի պահ, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող «երկիրը փրկելու ծրագրերի» քանակով առաջին տեղում էր աշխարհում, եթե Վրաստանը հիմա չի հասել ու անցել մեզ: Հայաստանին ծրագիրն ու գաղափարը չէ, որ պակասում է, այլ որեւէ ծրագիր եւ գաղափար իրապես կենսագործելու ցանկությունն ու կամքը: Այսինքն` իշխանությունն էլ ներկայացնում է լավ գաղափարներ, մանրամասն ծրագրեր, գրում է գեղեցիկ օրենքներ, սակայն այդ ամենը մնում է միայն թղթի վրա: Իսկ այլընտրանքային որեւէ ծրագիր եւ գաղափար, եթե սպառնում է հասարակության մոբիլիզացիայով եւ իշխանափոխությամբ, իր հետքն է ընդամենը թողնում ոստիկանական մահակի վրա առնվազն կամ էլ արյան տեսքով հետք է թողնում փողոցներում»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Օրենքը շրջանցող խորամանկ մեխանիզմներ ստեղծելու, սողանցքներ գտնելու հարցում մենք՝ հայերս, անգերազանցելի ենք: Մեկ օրինակ. օրենքն ասում է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի նախընտրական քարոզչություն անել, որ դա ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք է: Բայց այս կանոնից էլ են մեր չինովնիկները ելքը գտել՝ նախընտրական շրջանում արձակուրդ են ձեւակերպում եւ սիրտներն ուզածի չափ քարոզչություն անում: Ավելին՝ բանը հասել է այնտեղ, որ հանրակրթական օջախներում կուսակցական ժողովներ են հրավիրում եւ անդամատոմսեր բաժանում: Իսկ երբ նրանց հիշեցնում են, որ դա օրենքով արգելված է, ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ են տալիս: Եվ ընդհանրապես, պարզվում է՝ օրենքը պատ չէ, հանգիստ կարելի է տեղաշարժել: Ասենք, օտարալեզու դպրոցներ բացելու դժվարությո՞ւն կար՝ Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքները խանգարո՞ւմ էին. օրենքներում փոփոխություններ կանենք, եւ ամեն ինչ կլինի «օքեյ»: Կամ՝ այս մի քանի թերթերը խանգարում են, որ ազատ գռփենք ու թալանենք, այնպես կփոխենք օրենքը, որ այս խոչընդոտը հանգիստ կհաղթահարվի»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «168 ժամ»-ի հետ հարցազրույցում ասում է. - «Պարզապես հիմա եկել է դրա մասին բարձրաձայնելու եւ որոշակի գործողություններ անելու ժամանակը: Եթե մարդը քաղաքական բարձր պաշտոն ունի եւ գործարար է, ապա նա հանգիստ կարող է իր պաշտոնն օգտագործել իր բիզնեսը մեծացնելու համար: Բոլոր քաղաքակիրթ երկրներում մասնավոր եւ պետական համակարգերը տարանջատված են: Բայց այդ տարանջատումը մի օրում չի կարող լինել, դա պետք է սահուն եւ անցնցում լինի: Դա պետք է դանդաղ պրոցես լինի` բացատրելով, որ սա անհրաժեշտ է թե բիզնեսմենի, թե պետության համար: Եթե մենք դա չանենք, թե ՌԴ-ից, թե Եվրոպայից մեզ աջակցման, վարկավորման ակնկալիքներ չեն լինի: Նրանք ասում են` տարանջատեք: Ինչպես որ գնացինք բարեփոխումների` մարդու իրավունքների, այսպես կոչված` քաղկալանավորներին ազատելու դեպքում: Հիմա արդեն հաջորդ` քաղաքական պաշտոնի եւ բիզնեսի տարանջատման փուլն է լինելու: Բայց միանգամից չի լինի: Նեղացածների բանակ հանելը ճիշտ չէ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Չեմ հասկանում, թե «արաբական գարնան» մեջ ի՞նչն է ոգեւորել մեր ընդդիմադիրներին: Ի՞նչ են նրանք ակնկալում Հայաստանը «թունիսացնելու» կամ «եգիպտացնելու» հետեւանքով: Նախ` Հայաստանի եւ, ասենք. Լիբիայի ռեժիմներն իրար ամենեւին նման չեն. առաջին դեպքում հետխորհրդային ավտորիտար ռեժիմ է` իր բոլոր արատներով, մյուս դեպքում` տիպիկ արեւելյան բռնապետություն: Գումարած դրան` մշակութային, աշխարհագրական եւ տնտեսական բոլոր տարբերությունները: Բայց եթե նույնիսկ այդ ամենը մի կողմ թողնենք, արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում կատարվի այն, ինչ հիմա կատարվում է հիշյալ արաբական երկրներում: Թերեւս կարելի է գտնել ընդօրինակման ավելի արժանի մոդելներ: Այսօր շատերն ասում են, որ 2008 թվականի փետրվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է «վճռականություն» ցուցաբերեր եւ օգտվելով իշխանության որոշակի շփոթվածությունից` տաներ իր կողմնակիցներին դեպի նախագահական նստավայր։ Ինձ թվում է` շատ էլ ճիշտ է արել, որ չի տարել, քանի որ այդ դեպքում մի քանի տասնյակ զոհերն անխուսափելի էին լինելու։ Այդ զոհերի գնով տեղի ունեցած իշխանափոխությունից ոչ մի լավ բան չէր ստացվի»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Երկու տարի առաջ այս օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր հանրությանը խորհուրդ տվեց չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը շրջանցի Հայաստանը: Չլսեցինք վարչապետին: Ճգնաժամը չշրջանցեց Հայաստանը: Ավելին, շարունակեցինք անընդհատ խոսել ու այնքան խոսեցինք, որ ճգնաժամի նոր սրացման նշանները նորից ի հայտ եկան: Երեկ հրապարակված պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է ընդամենը 2.4 տոկոս, անցած տարվա հոկտեմբերի համեմատ: Հոկտեմբերին` այս տարի առաջին անգամ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում նախորդ ամսվա նկատմամբ: Անկումն էլ ահռելի է` 18 տոկոս: Մի խոսքով, հոկտեմբերին մեր «դիվերսիֆիկացված», «թիրախային ճյուղերով» եւ «կառավարվող ռիսկերով» տնտեսության աճը «տորմուզ» է տվել: Բայց դրանում վարչապետն էլ մեղքի բաժին ունի: Մի քանի օր առաջ նա հայտարարեց, թե այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր տնտեսական աճը կազմել է 5 տոկոս: Ու դրանով փաստորեն աչքով տվեց»:
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG