Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում գրեթե հազար երեխա պակաս է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ու թեեւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2001 թվականից հետո ամեն տարի Հայաստանում ծնելիության մակարդակը սկսել է աճել` 32 հազարից հասնելով գրեթե 45 հազարի, նույն վիճակագրությունը փաստում է, որ 2011-ին ավելի քիչ երեխաներ են լույս աշխարհ եկել Հայաստանում:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի, դեռեւս վաղ է հայտարարել, թե 2011-ը անհաջող տարի էր ծնելիության առումով. - «Դեռ երեք ամիս կա: Սպասենք արդյունքների ամփոփմանը»:

Հայաստանում ծնելիության կտրուկ անկում էր արձանագրվել 1990 թվականից հետո: 1990 թվականին Հայաստանում ծնվել էր մոտ 80 հազար երեխա, իսկ 2001-ին այդ թիվը նվազեց մոտ 2.5 անգամ` դառնալով 32 հազար: Դրանից հետո ծնունդների թվաքանակի աճ է նկատվել:

Մեզ մոտ ծնունդների թվաքանակը չի ապահովում պարզ վերարտադրությունը, այսինքն` ամուսնական զույգը քանակապես չի վերարտադրում անգամ իրեն ` չի ունենում 2 եւ ավելի երեխա:
Նախարարության ներկայացուցիչը սա նույնպես արտասովոր չի համարում` համեմատելով եվրոպական զարգացած երկրների հետ:

«Թող արդարացման խոսք չհնչի, [բայց] պարզ վերարտադրությունը այսօր չեն ապահովում աշխարհի շատ ու շատ երկրներում: Ընդ որում` տնտեսապես բարձր մակարդակ ունեցող երկրները», - ասաց Բաբաջանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միգուցե ծնելիությունը վերջին տարիներին աճել է այն բանի շնորհիվ, որ վերարտադրողական տարիք են մտել 80-ական թվականներին ծնվածները, ժողովրդագրության բաժնի պետը պատասխանեց. - «Եկեք չմոռանանք, որ նույն 80-ական թվականների սերունդը սրանից մի քանի տարի առաջ էլ գտնվում այդ շերտի մեջ: Այնուամենայնիվ, չպետք է ուրանալ նաեւ սոցիալական ծրագրերի դերը»:

Չնայած լավատեսական դիտարկումներին ու ընդհանուր առմամբ հուսադրող վիճակագրությանը` Բաբաջանյանը մտահոգություն հայտնեց, որ տարիներ անց մենք դեռ կունենանք ծնելիության հետ կապված իրական խնդիր:

«Մենք երբեւիցե չեն կարող, օրինակ, 2001 թվականին ծնված 32 հազար 65 երեխաների խնդիրը լուծել, երբ նրանք հասնեն վերարտադրողական տարիքի», - նշեց պաշտոնյան:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անգամ ընտանիքներն ունենում են առաջին երեխան, հաջորդի դեպքում երկմտում են:

«Մեր հետազոտությունների ընթացքում մի շատ հետաքրքիր թիվ առաջ եկավ` 44 տոկոսը հարցին, թե ինչու չեք ունենում 2-րդ կամ 3-րդ երեխան, պատասխանում էին, որ իրենք չեն տեսնում իրենց ապագան այս երկրում», - նշեց Հայրապետյանը:

Ըստ փորձագետների, հիմնական խոչընդոտները հանդիսանում են բնակարանային, աշխատանքային պայմանները, առողջապահության եւ երկրի տնտեսական ու քաղաքական ոչ վստահելի վիճակը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում առաջիկա երեք տարիներին եւս մեկ երեխա ունենալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 16 տոկոսը, լիարժեք բացառել՝ 68 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG