Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ նախագահը վերահաստատեց իր հրաժարականը


Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է իր հրաժարականի դիմումը: 14-ը նոյեմբերի 2011 թ.

Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է իր հրաժարականի դիմումը: 14-ը նոյեմբերի 2011 թ.

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր վերահաստատել է իր հրաժարականի մասին դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` խորհրդարանի նիստում: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանի խոսնակը հրաժարականի մասին իր դիմումը պետք է կրկնի հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո. նրա հրաժարականը միայն այդ դեպքում կհամարվի ընդունված, ինչն էլ Աբրահամյանն այսօր արեց:

Խորհրդարանի խոսնակի աշխատասենյակ տանող պատին այսօր դեռեւս պահպանվում էր ցուցանակը, ըստ որի` ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է, չնայած ո՛չ խոսնակի քարտուղարուհին, եւ ո՛չ էլ անվտանգության ծառայության աշխատակիցները այլեւս տարածքում չէին:

Հովիկ Աբրահամյանին խորհրդարանում նոր սենյակ է հատկացվել` երկրորդ հարկում, ոչ մեծ, Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակի դիմաց: Բայց Աբրահամյանը դեռեւս չի տեղափոխվել իր նոր աշխատասենյակ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Հանրապետական խմբակցությունից, նա հանրապետությունում չէ` հանգստանալու է գնացել, կվերադառնա մի քանի օրից:

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները դրվել են խորհրդարանի Հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանի վրա: Հանրապետական կուսակցությունը, սակայն, չի որոշել, թե ով է լինելու խորհրդարանի հաջորդ խոսնակը:

«Որեւէ պաշտոնական քննարկում ապագա պաշտոնավարողի վերաբերյալ չի եղել: Երբ որ քննարկումը լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է, որ իրավիճակը այդպես էլ պահպանվի եւ Ազգային ժողովը նոր նախագահ չընտրի:

Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրեց մոտ 3 տարի` 2008-ի սեպտեմբերից: Նա հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում առաջարկել էր Հովիկ Աբրահամյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններին գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը:

Աբրահամյանը, ընդունելով ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի այդ առաջարկը, որոշեց հրաժարական տալ` շտաբային աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու պատճառաբանությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նաեւ հերքեց այն տեղեկությունները, թե Հանրապետականի շտաբը արդեն գործում է եւ տեղակայված է կուսակցության կենտրոնական գրասենյակի տարածքում` նշելով, որ նախընտրական քարոզարշավը դեռեւս չի սկսվել եւ շտաբերը դեռեւս օրենքով իրավունք չունեն գործելու:

Հարցին, թե այդ դեպքում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը` շտաբի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու պատճառաբանությամբ, արդյո՞ք արհեստական եւ պարտադրված չէր, Հանրապետականի խոսնակն արձագանքեց. - «Մենք շատ ենք կարեւորում այդ հերթական ընտրությունների կազմակերպման որակի փոփոխությունը դրական առումով, եւ երկրորդը` պարոն Աբրահամյանը իր նախաձեռնությամբ է որոշել կենտրոնանալ նախընտրական շտաբի գործունեության վրա եւ մենք ընդամենը հարգել ենք իր որոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG