Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի զինված ուժերը առաջիկայում պատժիչ գործողություններ են ձեռնարկելու` ի պատասխան ադրբեջանական կողմի վերջին օրերի քայլերի, որոնց հետեւանքով շաբաթ եւ կիրակի օրերին զոհվեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու զինվորներ:

«Դա լինելու է մեր բնական, տրամաբանական եւ օրինաչափ արձագանքը», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` ընդգծելով, որ «հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ»: - «Եվ եթե դրա արդյունքում ադրբեջանական կողմում լինեն կորուստներ, դրա ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ հայկական կողմը քանիցս դրական է արձագանքել դիպուկահարներին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դուրս բերելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, մինչդեռ, Դավիթ Կարապետյանի խոսքով, Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկությունները, այլեւ ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է դիպուկահարներին եւ դիմում «արկածախնդրությունների»:

ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի փոխանցմամբ, ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լեռնային Ղարաբաղի հարավարեւելքում գտնվող պաշտպանական դիրքերում զոհվել են ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանը եւ Միհրան Մարգարյանը: Նրանք երկուսն էլ 19 տարեկան էին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ, այս տարվա ընթացքում հայկական կողմի ձեռնարկած պատժիչ գործողությունների հետեւանքով ադրբեջանական կողմն ունեցել է 42 զոհ:

«Ցավոք սրտի ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից, որոնց արդյունքում ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավել մարդկային կորուստներ է կրել: Սա խոսում է նրանց անպատասխանատու վերաբերմունքի մասին: Այսինքն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարեւորում եւ չի մտածում իր զինվորների անվտանգության ու կյանքի համար», - այս առնչությամբ նշեց Դավիթ Կարապետյանը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, նման քայլերով Ադրբեջանն ուղղակի փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա: Ընդ որում` խոսքն այստեղ վերաբերում է ոչ միայն դիրքերում գտնվող զինվորներին:

«Հիմա սկսվում է զորակոչ, եւ այդ ժամանակ փորձել վախեցնել, որ մարդիկ խուսափեն ծառայությունից` այդ մեխանիզմները իրենք շատ լավ տիրապետում են եւ փորձում են բանեցնել», - ասաց փորձագետը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, սահմանին դիպուկահարների կրակոցներով եւ դիվերսիոն-հետախուզական խմբերի «ռեյդերով»` ադրբեջանական կողմը փորձում է, այսպես ասած, կշիռ հաղորդել ռազմական գործողությունները վերսկսելու իր սպառնալիքներին:

«Լայնամասշտաբ ռազմական գործողություններ Ադրբեջանը չի կարող սկսել, որովհետեւ կա ռազմատեխնիկական որոշ բալանս, եւ դա բավականին վտանգավոր որոշում է, բայց այդ պերմանենտ լարվածությունը պահելու համար պետք են նմանատիպ քայլեր», - նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ադրբեջանական կողմի նշված քայլերին ի պատասխան` հայկական կողմը պետք է ձեռնարկի ոչ միայն ռազմական բնույթի գործողություններ, այլեւ դիվանագիտական` հարցը հետեւողականորեն բարձրացնելով միջազգային հանրության առջեւ, որովհետեւ, ինչպես բնորոշեց, Մեհրաբյանը, տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն: Փորձագետն առաջարկում է պաշտոնական Երեւանին, օրինակ, հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընթացող բանակցություններից` պայման դնելով, որ բանակցությունները կշարունակվեն այն ժամանակ, երբ Բաքուն շփման գծից ետ քաշի դիպուկահարներին:

«Հայկական դիվանագիտությունը պետք է հարցը դնի բավականին կոշտ, որովհետեւ նշված հարցադրումը միանգամայն իրավացի է: Ի վերջո, Հայաստանի ղեկավարության պարտականությունն է իր քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, այդ թվում նաեւ զինվորականների», - նշեց Մեհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG