Մատչելիության հղումներ

Արաբական լիգան այս շաբաթ եւս արտահերթ նիստ կանցկացնի Սիրիայի հարցով


Սիրիա - Բողոքի ցույց Համա քաղաքում, նոյեմբեր, 2011թ.

Սիրիա - Բողոքի ցույց Համա քաղաքում, նոյեմբեր, 2011թ.

Այս շաբաթվա ընթացքում Արաբական լիգայի անդամ 22 երկրների արտգործնախարարները նորից արտահերթ նիստ կանցկացնեն` քննարկելու Սիրիայի հարցը։ Նոյեմբեր ամսին դա կլինի արդեն չորրորդ հանդիպումը Սիրիայի հարցով։

Նոր հանդիպման առիթը Սիրիայի կողմից Լիգայի առաջարկները չընդունելն է եւ լրացուցիչ պարզաբանումներ պահանջելը։

Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 16-ին առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել Սիրիայի իշխանություններին` կարգավորելու համար ներքաղաքական ճգնաժամը այդ երկրում։ Առաջարկվել էր զորքերը հանել բնակավայրերից, դադարեցնել բռնությունները, երկխոսություն սկսել ընդդիմադիրների հետ եւ թույլատրել դիտորդների տեղակայում երկրի տարածքում։

Առաջարկությունները ընդունելու համար Սիրիային երեք օր վերջնաժամկետ էր տրվել, որից հետո, եթե դրանք չընդունվեն, պաշտոնական Դամասկոսի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։

Կիրակի օրը Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուլեմը մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Արեւմուտքը Արաբական լիգան օգտագործում է որպես գործիք Սիրիայի դեմ` Սիրիայի ճգնաժամը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար։

Մինչ նրա ասուլիսը, պաշտոնական Դամասկոսը Լիգային առաջարկել էր փոփոխություններ կատարել Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու` իր առաջարկած պլանում, բայց Արաբական լիգան մերժեց Դամասկոսին։

Սիրիայի արտգործնախարարը հայտարարեց, թե երկրի տարածքում դիտորդներ տեղակայելու` Լիգայի առաջարկներում անհնարին պայմաններ կան, դիտորդների համար չափից դուրս լիազորություններ են պահանջվում, ինչը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը։

Կիրակի օրը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տվել բրիտանական The Sunday Times-ին։ Հարցազրույցում նա հայտարարել է, թե Սիրիան չի խոնարհվի եւ կշարունակի դիմակայել արտաքին ճնշումներին։ Ասադը վստահեցրել է, թե արտաքին ներխուժման դեպքում միանշանակ պատրաստ է պայքարել եւ մեռնել հանուն Սիրիայի։

Բաշար ալ-Ասադը ասել է, թե ցավ է զգում սիրիացու թափած արյան յուրաքանչյուր կաթիլի համար, բայց պնդել է, որ պաշտոնական Դամասկոսը պետք է պայքարի «զինված հանցավոր բանդաների» դեմ` երկրում օրինականությունը եւ կարգուկանոնը ապահովելու համար։

Սիրիայի նախագահը նաեւ ասել է, թե փետրվարին կամ մարտին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, նոր Սահմանադրություն կմշակվի, որը կներառի նաեւ նախագահի ընտրությանը վերաբերող պայմանները։

Իսկ բախումները Սիրիայում շարունակվում են, զոհերի թիվը շարունակում է աճել։ ՄԱԿ-ի տվյալներով` մարտից, երբ Սիրիայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, մինչեւ հիմա այդ երկրում ավելի քան 3 հազար 500 մարդ է սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG