Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական շփման գծում նորից զինվոր է զոհվել



Նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:

ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլեւ նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:

Նախորդ օրը, նոյեմբերի 19-ին դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին:

“Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը”,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG