Մատչելիության հղումներ

logo-print

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ. «Զինվորի առողջությունը լավ ձեռքերում է»


Զինվորի առողջությունը լավ ձեռքերում է, շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանը:

«Այսօր զինված ուժերում կան այնքան բժիշկներ, ինչքան որ բանակին անհրաժեշտ է բուժապահովումը կազմակերպելու համար: Միանշանակ համալրումը կա, այս հարցում մենք ապահովված ենք, ի տարբերություն, կարող եմ ասել, նաեւ եվրոպական մի շարք երկրների», - ասաց Փարսադամյանը:

Անդրադառնալով զինվորական բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությանը` բուժծառայության գնդապետն ասաց. - «Մեր կառույցը` ռազմաբժշկական ծառայությունը, բավականին զարգացած կառույց է: Այսօր մենք ունեն բավական շատ հոսպիտալներ, ամբուլատորիաներ, կանխարգելիչ ռազմաբժշկական ծառայություններ, որոնք միանշանակ ամբողջովին, դեռ մի բան էլ ավելին, կարող են ապահովել մեր բանակի եւ ընդհանուր առմամբ զինված ուժերի բուժապահովման խնդիրները», - ասաց Փարսադամյանը:

Ըստ Փարսադամյանի, 84 տոկոսով նորոգված են զորամասերի սանմասերը:

«Հոսպիտալները հագեցված են ժամանակակից, այսպես ասած, վերջին սերնդի, արտասահմանյան արտադրության սարքավորումներով», - ասաց նա:

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետն ասաց` զինվորական բուժհաստատությունների տեխնիկական վերազինումը շարունակական է լինելու: Զինորների առողջության մասին խոսելիս, նա ասաց, որ այս առումով եւս ամեն ինչ կառավարելի է:

«Կառավարելի հիվանդությունները` տուբերկուլյոզ, մենինգիտ, որովայնային տիֆ, շուրջ 12 հիվանդություն, բոլոր բանակում կանխարգելված են, միայն տուբերկուլյոզի հարցում ունենք թեթեւակի խնդիր, դա էլ այն մինիմում չափանիշն է, որը գոյություն ունի բոլոր երկրներում», - ասաց Փարսադամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է կենտրոնական զինվորական հավաքակայանից բացառել առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկի մուտքը բանակ, Փարսադամյանը պատասխանեց. - «Իհարկե, ես չեմ կարող բացառել, որ կարող են լինել բացառություններ, երբ ուշադրությունից վրիպում է ինչ-որ հետազոտություն, ինչ-որ տեղ կարող է բացթողում լինի: Նման դեպքեր կարող են լինել, բայց դրանք չնչին են, շատ չնչին: Ամբողջ զորակոչի ընթացքում նման բացթողում կարող է լինել 1-2, մաքսիմում 5 հատ: Տարիների փորձն է ինձ այդ մասին հուշում»:

Փարսադամյանն անդրադարձավ նաեւ ամիսներ առաջ, հոսպիտալում զինվորի մահվան դեպքին: Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից անգիտակից վիճակում հոսպիտալ էր տեղափոխվել ժամկետային զինծառայող 18-ամյա Աղասի Աբրահամյանը, ով հոսպիտալում մահացել էր: Նախ հայտարարվեց, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել մահճակալից եւ մահացել: Հետագայում հայտնի դարձավ, որ զինվորին ծեծել էին նախ զինակիցները, իսկ արդեն հոսպիտալում` զինվորական բժիշկ, բուժծառայության պետ Վարդգես Պողոսյանը: Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը հետեւյալ կերպ արձագանքեց գործընկերոջ արարքին. - «Գործն այնպիսին է, որ միանշանակ չի կարելի ասել, որ ծեծել, սպանել է բժիշկը, կամ մյուսը, նախաքննությունը դեռ չի ավարտվել: Եթե ես հիմա ասեմ, որ այդպես չէ, հետագայում նախաքննության արդյունքում այլ հարցեր կարող են պարզվել: Փաստ է, որ բժիշկը ձեռք է բարձրացրել, ես սա ամոթով եմ ասում, ինձ համար դա ամոթ է, բայց հիմա քննությունը ընթանում է, կտեսնենք, ինչ չափով եւ ով` ինչպես: Դա ուղղակի գրանցված փաստ է, որի համար ես նույնիսկ ամաչում եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG