Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 19-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. -«Սերժ Սարգսյանը չափազանց հաճախ է խոսում մարդկային տեսակի, վերափոխման, արժեհամակարգի եւ համանման այլ բաների մասին, իսկ թիմակիցները չեն հասկանում` շեֆը լուրջ է ասում, թե՞ պարզապես խոսելու ուրիշ թեմա չունի: Նախ պիտի արձանագրենք, թե որն է հին արժեհամակարգը, պարզ ասած, ինչի՞ց պիտի հրաժարվի նրա թիմը, ինչպիսի՞ն է այսօր բարձրաստիճան հանրապետականի հավաքական կերպարը: Պատկերը մոտավորապես այսպիսին է. միջին վիճակագրական հանրապետական պաշտոնյան փառաբանում է Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ հարձակվում կանանց վրա, տարբեր լսարանների առջեւ հարբած ելույթներ է ունենում, խլում է շարքային քաղաքացիների ունեցվածքը եւ խոսում է Հայաստանի պայծառ ապագայի մասին: Այսինքն Սերժ Սարգսյանը հենց այդ արժեհամակարգից կամ մարդու այդ տեսակից պիտի ազատվի: Հարց է ծագում` մինչեւ հիմա քանի՞ հոգուց է ազատվել»:

«Երկրի» խմբագիրը գրում է. - «Աննկատ մնաց այն փաստը որ Սյունիքի մարզպետարանը հանդես եկավ Լիսկայի վերջին հերոսությունը հերյուրանք որակող, կատարվածը ժխտող հաղորդագրության տարածմամբ: Ակնհայտ է, որ դա կարող էր տեղի ունենալ բացառապես մարզպետի տված ուղղակի հրահանգի պայմաններում, ինչով Լիսկան, թերեւս, հուսահատ փորձ էր կատարում պաշտպանելու սեփական անձը քրեական հետապնդումից: Բայց որքան էլ մարդկայնորեն հասկանալի լինի այդ ցանկությունը, պարզ է, որ նա իր աշխատակազմին դրդել է տարածել ակնհայտ սուտ տեղեկատվություն, որը հաստատվեց քրեական գործի հարուցմամբ եւ վկաների պարզաբանումներով: Իսկ դա նշանակում է, որ մարզպետարանի աշխատակազմի, այսինքն՝ պետական կառավարչական հիմնարկի ռեսուրսները նա ծառայեցրել է անձնական խնդիրների լուծմանը, ինչը հավելյալ անգամ հաստատում է, որ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեծ մասը պարզապես պետական կառույցները դարձրել են իրենց բոստանները, որտեղ ինչ ուզում՝ անում են»:

«Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Մամուլում լուրեր էին շրջում, որ Ձեր պաշտոնանկ արած ոստիկանապետերը ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ԲՀԿ-ի կամ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ դա է պաշտոնանկությունների հիմնական պատճառը: Տեղեկություններ են պտտվում նաեւ, որ վատ հարաբերություններ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ եւ հարկ եղած դեպքում նրա դեմ գործողություններ կիրականացնեք մեծ հաճույքով»: Ոստիկանապետը պատասխանում է. - «Ոստիկանությունը քաղաքականությունից դուրս է: Վայ, վայ, վայ, եթե ոստիկանությունը հանկարծ քաղաքականությամբ զբաղվի: Ո'չ ոստիկանությունն է դրանից օգուտ ստանալու, ո'չ հասարակությունն է օգուտ ստանալու: Ես շատ օբյեկտիվ եւ ուղիղ եմ այդ հարցերում, եւ որպես կանոն չեմ ստում: Ես այս պաշտոնն ունեմ. ցանկացած երեւույթ, որը կխաթարի իմ երկրի խաղաղությունը, հանգիստը, անարդարություն կառաջացնի, ես կկանգնեմ այդ երեւույթի դեմ` անկախ այն բանից, դա կլինի իմ հայրը, եղբայրը, Գագիկ Ծառուկյանը եւ այլն: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ զբաղեցրած պաշտոնին, որպեսզի զբաղվեմ հիմարություններով»:

«168 ժամ»-ը զրուցել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք տեղյա՞կ եք, թե որտեղ եւ ինչ վիճակում են Հայաստանի Հանրապետության պահուստային գումարները»: Բագրատյանը պատասխանում է. - «Որքան ես եմ հասկանում, խոսքը շուրջ 1 մլրդ 850 մլն դոլարի մասին է: Ճիշտն ասած` ես չգիտեմ, թե որտեղ են դրանք: Եվ զարմացած եմ, որ որեւէ տեղեկատվություն չի հրապարակվում: Ես մի քանի անգամ հարց եմ բարձրացրել, թե կառավարությունը վերջապես ե՞րբ է հաշվետվություն տալու, թե այդ փողերը որտեղ են, ինչ տեսքով են այսօր այդ փողերը: Ես զարմանում եմ, երբ ԱԺ-ում ՀՀ բյուջեն է քննարկվում, այդ մասին հարց չի բարձրացվում: Պետության եկամուտներից մեկն էլ պահուստների, արժեթղթերի կամ այդ դեպոզիտի դիմաց ստացվող եկամուտն է, դա բյուջեում չի արտացոլվում»: «Իսկ միգուցե դա իսկապե՞ս պետական գաղտնիք է եւ հրապարակման ենթակա չէ», - հարցին Բագրատյանը պատասխանում է. - « Դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի փողն է: Պահուստների 1.850 մլրդից մոտ կեսը ստեղծվել է ծանր պատերազմի տարիներին` 1996-1998 թվականներին: Ինչպե՞ս կարող է դա գաղտնի լինել: Հակառակը, դա պետք է դրված լինի ինչ-որ եկամտաբեր արժեթղթի կամ դեպոզիտի ձեւով: Հայաստանը պետք է այդ պահուստներից եկամուտ ստանա, ինչպես արվում էր 1995-1996 թվականներին, եւ այդ եկամուտը պետք է մուտքագրվի բյուջե»:

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Քեթրին Էշթոնի հայաստանյան այցին, գրում է. - «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը բազմաշերտ է: Մի կողմից, Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ նրա միջոցով հարավկովկասյան էներգետիկ միջանցքի ձեւավորումն իրականություն դարձնելու, մյուս կողմից` Վրաստան-Հայաստան գծով ինտեգրացիոն նախագծեր մշակելու եւ իրականացնելու Եվրամիության քաղաքականությունը, լինելով երկարաժամկետ ռազմավարություն, հաշվի չի առնում տարածաշրջանի երկրների սպասումների տարբերությունը։ Պնդելով, որ «հարավային էներգետիկ միջանցքը չպետք է կերակրի նոր պատերազմը», Հայաստանի ղեկավարը հասկացրեց, որ Եվրամիության էներգետիկ նախագծերը սկսել են «երկսայրի սուր» դառնալ մեր երկրի համար։ Այդ պատճառով, Հայաստանի նախագահը մատնանշեց, որ նման քաղաքականությունը «կարող է բացասաբար անդրադառնալ էներգակիրների արտահանման ուղիների գործառույթի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG