Մատչելիության հղումներ

Մարդկանց «բու» տեսակին ավելի հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների շրջանում: Նրանց 15-20 տոկոսի մոտ նկատվում է հետաձգված քնի առկայությունը:

Կախված քնելու ու աշխատունակության ժամերից` մարդիկ իրենց բնույթով լինում են արտույտ եւ բու: Բուերն ավելի աշխատունակ են երեկոյան ժամերին, իսկ արտույտները սիրում են աշխատել առավոտյան ու ցերեկային ժամերին:

«Խնդիրը նրանով է խնդիր, որ պետք է հարմարվեն ընդունված ժամերին, սակայն իրենց ընտրած ժամերը թույլ չեն տալիս, իսկ արտույտներն աշխատունակ են ավելի լուսային ժամերին», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասում է քնի խանգարման մասնագետ Սամսոն Խաչատրյանը:

18-ամյա Արան սիրում է աշխատել ու սովորել գիշերային ժամերին, սակայն քաջ գիտակցում է, որ նորմայից շեղվելն ունի իր թերությունները:

«Գիշերը լավ դաս եմ անում, ցերեկը լավ ներկայացնում եմ կատարած աշխատանքս», - ասում է Արան, - «Աշխատել եմ ամռանը, այդ օրերին քնել եմ գիշերը 3-ին, 4-ին, զարթնել` 9-ին», - ասում է նա:

Սամսոն Խաչատրյանը բացատրում է, որ երիտասարդների մոտ աշխատունակությունը պետք է լինի ցերեկային ժամերին, սակայն ճիշտ գրաֆիկից շեղվելն էլ չի բացառվում, քանի որ տարիների ընթացքում քնի ռիթմը կարող է փոփոխության ենթարկվել:

«Կախված է, առաջին հերթին, աշխատանքի բնույթից, նաեւ մարդու տարիքից: Քնելու համար ստույգ նորմա գոյություն չունի, սակայն հիմնականում քնին անցնելու համար երեկոյան 23:00-1:00-ն ամենահարմար ժամանակահատվածն է», - ասում է մասնագետը:

XS
SM
MD
LG