Մատչելիության հղումներ

Տեր-Պողոսյանի փաստաբանը պնդում է` իր պաշտպանյալը մանկապղծությամբ չի զբաղվել


Գործարար Սերոբ Տեր-Պողոսյան

Գործարար Սերոբ Տեր-Պողոսյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անչափահասների նկատմամբ նրանց կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունների համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր Պողոսյանի փաստաբանը պնդում է, որ իր 70-ամյա պաշտպանյալը մանկապղծությամբ չի զբաղվել:

Ախթալայի «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատիրոջ փաստաբան Տիգրան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ գործարարը պարզապես սեռական հարաբերությունների մեջ է եղել Ախթալայի 10-ից մինչեւ 16 տարեկան տղաների հետ` նրանց իսկ ցանկությամբ:

«Անօգնականը նշանակում է, թե անձը չպետք է գիտակցի, թե իր հետ ինչ է կատարվում, այդ հարաբերությունների բնույթը, դրա լավ կամ վատ լինելը: Տուժողները բոլորն էլ դատարանում ասում էին, որ հասկացել են», - ասաց Սաֆարյանը:

Փաստաբանի դիտարկմամբ, նախաքննական մարմինը կարող էր մեղադրանք առաջադրել մեկ այլ հոդվածով` անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու հատկանիշով: Այս դեպքում Քրեական օրենսգիրքը նախատեսում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում, իսկ դա նշանակում է, որ գործարարը չէր ազատազրկվի` համաներմամբ ազատ կարձակվեր:

Հայաստանի գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, գործով մեղադրող դատախազը Հովսեփ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավիճակին համապատասխան է որակում առաջադրված մեղադրանքը:

«Տուժողի անօգնական վիճակն օգտագործելը համարվում է կատարված, եթե դա տեղի է ունեցել այնպիսի անձի նկատմամբ, ով որոշակի հանգամանքների ուժով, մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից: Այսինքն, այս պատասխանները ոչ թե ի պաշտպանություն ամբաստանյալի են եղել, այլեւ եղել են հիմնավորող, մեղադրող ապացույց», - մասնագիտական գրականությունը վկայակոչելով` ասաց Հովսեփյանը:

Դատարանում Տեր-Պողոյանը այդպես էլ չընդունեց իր մեղքը: Նա հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է, որ ինքը անչափահասների կամքին հակառակ, նրանց անօգնական վիճակն օգտագործելով սեռական հարաբերություններ չի ունեցել:

Հովսեփյանի դիտարկամբ, Տեր-Պողոսյանն անցած տարիներին Ախթալայում, որտեղ մարդիկ ապրուստի միջոց չունեին, բարեգործի կերպար է ձեւավորել, դրանով իսկ դարձել մանկահասակ տղաների կուռքը, ովքեր իրականում չեն գիտակցել իրենց արարքը: Ըստ քրեական գործի` ամերիկահայ գործարարը գործում ներգրավված 10 տուժողների համար ծախսել է 120 հազար դոլար:

«Սերոբ Տեր-Պողոսյանը ստեղծել է այնպիսի միջավայր, որոշակի հանգամանքներ, որոնք այդ երեխային արդեն պատրաստել են այդ իրավիճակին: Եվ տեսագրությունների մեջ հստակ է երեւում է, որ նրանք ընդամենը երեխա են: Հայերենը հարուստ լեզու է, բայց այս հարուստ լեզվով հնարավոր չէ բացատրել, թե ինչ է տեղի ունենում այդ երեխաների հետ», - ասաց Հովսեփյանը:

Հովսեփյանն ասում է, որ մանկապղծությունը իրավական կատեգորիա չէ, եւ այս պարագայում այն չի դիտարկվում. դիտարկվում է այն հանգամանքը, որ անչափահաս տղաները չեն գիտակցել իրենց արարքը: Մեղադրող դատախազի խոսքով, նրանցից ոմանք դատարանում անգամ չէին ուզում ընդունել, որ իրենց հետ անցյալում նման կերպ են վարվել:

«Այո', չէին ընդունում: Սերոբ Տեր-Պողոսյանը ինքը ասաց` այ տղա, բա դո՞ւ չէիր տեսագրության մեջ: Երբ մենք հրապարակում էինք տեսագրությունները, եւ դատավարության կողմերը նայում էին, տուժողները գլուխները կախում էին ուղղակի: Տեր-Պողոսյանը ժպիտով ասում էր` այ սա դո'ւ ես, սա էլ դո'ւ ես», - պատմեց Հովսեփյանը:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը բացառում է այն հանգամանքը, որ անչափահաս տղաները իրենցից մեծ տարիքով մարդու նկատմամբ կարող են սեռական ցանկություններ ունենալ: «Դա օրինաչափ չէ, դա հիվանդություն է», - ասաց նա:

«Երեխայի մեջ հերոնտոֆիլիա (ծերերի նկատմամբ սեռական հակում) չկա, եթե լինում էլ են, դա պատանեկան տարիքից է սկսվում: Ընդհանրապես 20-ից հետո է դա ի հայտ գալիս: Փաստաբանը 10 հոգու մեղադրում է հերոնտոֆիլիայի մեջ», - ասաց Խուդոյանը:

Հոգեբանն ասում է` պարտադիր չէ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելով նրան դրդել նման արարքների: «Անգամ մի կոնֆետով կարող են երեխային խաբել, դնել կախվածության մեջ», - նկատում է նա:

«Բայց ոչ թե երեխաները խմբով սիրահարվեցին չտեսնված ֆիզիկական, հոգեկան տվյալներ ունեցող 70 տարեկան մարդուն եւ բոլորով միասին եկան ասացին, մեզ հետ սեռական հարաբերություններ ունեցեք, մենք դա շատ ենք ուզում: Աբսո'ւրդ է», - ասաց Խուդոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG