Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ ներդրողները մտադիր են միասնաբար պաշտպանել իրենց իրավունքները


Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում մի քանի փաստաբաններ հայտարարեցին, թե Հայաստանում յուրացվել են սփյուռաքահայ ներդրողների միջոցները, իսկ իրավապահ մարմինները ընթացք չեն տալիս այդ ներդրողների գանգատներին, քանի որ յուրացնողների թիկունքին կանգնած են իշխանության ներկայացուցիչները:

Մամուլի ասուլիսը հրավիրած փաստաբանները` Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սամվել Ջաղինյանը ներկայացրեցին մի քանի դեպքեր:

Օրինակ, Հարթունյանների դեպքը, ովքեր ստեղծել են «Նարեկացի» արվեստի միությունը, ներդրումներ ու բարեգործություն են կատարել, սակայն իրենց միջոցները, փաստաբանների պնդմամբ, յուրացրել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին (Արզարունին):

Նույնպիսի օրինակ է, փաստաբանների խոսքով, գերմանահայ գործարար Ժորժ Թովմասյանի գործը, ով 75 միլիոն դրամ է տվել «Դեսկշին» ընկերությանը` իր համար առանձնատուն կառուցելու համար, սակայն ընկերության տնօրեն Դերենիկ Ստեփանյանը յուրացրել է նրա գումարները:

Փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեցին Երեւանի Մաշտոցի պողոտա 33/1 հասցեում` Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի ետնամասում գտնվող 13 հարկանի նորակառույց շենքի հետ կապված պատմությունը:

Ըստ փաստաբանների, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին նշված հասցեում 2005 թվականից կառուցվել է 13 հարկանի բազմաբնակարան շենք: Շենքի շինարարությունը ավարտվել է, սակայն Միացյալ Նահանգներում, Իրանում, Սիրիայում բնակվող այն սփյուռքահայերը, ովքեր ֆինանսավորել էին շենքի կառուցումը եւ շենքի սեփականատեր հանդիսացող ընկերության` «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հետ ունեին կնքած նախնական պայմանագրեր, որ շենքի կառուցումից հետո իրենք պետք է դառնան այնտեղ գտնվող բնակարանների սեփականատերերը, եւ այդ նպատակով կատարել էին անգամ որոշակի վճարներ, շենքի շինարարության ավարտից հետո չեն ստացել ո´չ բնակարանները, ո´չ ներդրած գումարները:

Փոխարենը, ըստ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանների, «Արին կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը ու տնօրեն Էդիկ Եսայանը անցած տարվա օգոստոսից շենքի բնակարանները սկսում են վաճառել տարբեր մարդկանց, իսկ գումարներն էլ, ինչպես ասացին փաստաբանները, յուրացվում են:

Փաստաբանների ներկայացմամբ, այնուհետեւ Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են նաեւ «Արին կապիտալ»-ը, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են 7 միլիոն ԱՄՆ դոլար:

Ի վերջո փաստաբանները դիմում են ոստիկանություն, դատախազություն եւ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն` պնդելով, թե «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր է սնանկության հասցվել: Սակայն, ըստ փաստաբանների, անցել է մոտ 7 ամիս, բայց գործի քննությունը դոփում է տեղում, քանի որ սփյուռքահայ ներդրողներից գումարներ յուրացրած Վլադիսլավ Մանգասարյանի եւ Էդիկ Եսայանի թիկունքին կանգնած են իշխանության ներկայացուցիչներ:

«Քրեական գործը հարուցվել է դեռ մարտ ամսին», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: - «Տնօրենը մինչեւ այսօր չի հարցաքննվել: Միլիոնների պարտք ուներ պետբյուջեին` հարկային մասով: Դեռ մեղադրանք չի առաջադրվել»:

Փաստաբանի խոսքերից հետո Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդեց, որ Էդմոն Խուդյանի գումարները յուրացնողներին հովանավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։

«Այստեղ շատ կարեւոր հարց հնչեց, թե ովքեր են իշխանություններից կանգնած: Ես ազնիվ չեմ լինի, եթե չխոսեմ, որովհետեւ անձամբ Խուդյանի հետ հանդիպել եմ Լոս Անջելեսում եւ նկարահանում եմ արել, որտեղ ինքը բաց տեքստով խոսել է այդ մասին: Վլադիսլավ Մանգասարյանին Էդմոն Խուդյանի հետ ծանոթացրել է Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը», - նշեց Արման Բաբայանը։

Այդուհանդերձ, այս պնդումների իսկությունը ճշտելու նպատակով Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան եւ ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի հետ կապվել այսօր չհաջողվեց:
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG