Մատչելիության հղումներ

«Մարիոթ» հյուրանոցում կատարվածը «ՀՀԿ-ի ներքին գործն է»


Գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Սյունիքի մարզպետի մասնակցությամբ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առիթով կոալիոն գործընկերները` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինակ երկիր» կուսակցությունները չեն պատրաստվում միջամտել Հանրապետականի ներքին խնդիրներին. կոալիցիայի մակարդակով քննարկումներ կազմակերպել կամ պատասխաններ հնչեցնել: Ասում են` կատարվածը ՀՀԿ-ի կուսակցության ներքին գործն է:

Ազգային ժողովում ուրբաթ օրը կայացած ճեպազրույցներում այդ կուսակցությունների ներկայացուցիչները պնդեցին, թե տեղի ունեցածը չի ազդում իշխանության վարկանիշի վրա:

Երկուշաբթի օրը, հիշեցնենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ վեճ էր տեղի ունեցել, որի ընթացում, ինչպես պնդում է գործարար Սիլվա Համբարձումյանը, մարզպետն իրեն ծեծել էր: Դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել: ՀՀԿ-ն չի քննարկում նրա պաշտոնանկության հարցը:

«Կոալիցիայի անդամ լինելը չի նշանակում, որ յուրաքանչյուր կուսակցության ներքին ինչ-որ հարցերին` մեծ թե փոքր, պետք է անպայման գնահատական տալ կամ փորձել խառնվել: Ես կարծում եմ` դա առաջին հերթին Հանրապետական կուսակցության ներքին գործն է, իրենք պետք է գնահատականներ տան: Եվ երկրորդը` որեւէ դիրքորոշում կամ կարծիք մեր կողմից հայտնելը տեղին չէ», - ասաց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանն «անընդունելի» է համարում պաշտոնյայի կողմից հարցերը նման կերպով լուծելը: Կուսակցությունը, սակայն, չի արձագանքի դրան:

«Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն, եւ, կարծում եմ, ցանկացած արձագանք եւ ցանկացած գնահատական վերջնական ճիշտ կլինի տալ միայն քրեական գործի եւ քննության ավարտից հետո», - նշեց Զոհրաբյանը:


Իջեւանի քաղաքապետի ընտրությունների արձագանքը

Երեկ երեկոյան ՀՀԿ-ի ղեկավար անդամները փորձում էին գտնել անցած կիրակի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց կուսակցի պարտության պատճառները:

Հանդիպմանը մասնակցած պատգամավոր Արտակ Զաքարյանը չկամեցավ մանրամասներ փոխանցել. - «Դա ուղղակի կուսակցության գործադիր մարմնի կողմից առաջարկ է տարածքային կառույցներին` ուշադրության արժանացնել այս խնդիրը` հետագայում մնացած տեղերում չկրկնելու կամ ավելի կազմակերպված, ավելի համախմբված ընտրություններ կազմակերպելու համար»:

Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, չանդրադարձավ հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ի կարծիքով, Իջեւանի օրինակով հնարավոր համարում են նաեւ համապետական ընտրություններում Հանրապետականին հաղթելու հնարավորությունը` ասելով միայն. - «Ցանկացած ընտրության ելք որոշում է ժողովրդի տված քվեն»:


Նախագահի հրաժարականի հնարավորության մասին

Սերժ Սարգսյանի հրաժարականի հնարավորության մասին խոսելով` որոշ վերլուծաբաններ ասում են, թե դա կարող է լինել «վրացական» տարբերակով. ընտրություններից մոտ մեկ տարի առաջ Սահակաշվիլին հրաժարական տվեց, ապա կրկին առաջադրվեց` լուծելով վստահության ճգնաժամի խնդիրը:

Խորհրդարանական թե' իշխանական, թե' ընդդիմադիր ուժերը, սակայն, նախագահի հրաժարականի հավանականությունը «զրոյական» համարեցին:

«Դա ուղղակի այս պահին համարում ենք անհեթեթություն, որովհետեւ, ճիշտն ասած, տրամաբանության մեջ չի տեղավորվում», - ասաց Սամվել Բալասանյանը («Բարգավաճ Հայաստան»):

«Դա ես համարում եմ ուղղակի անհնարին սցենար: Հիմա երկրում այնպիսի մի իրավիճակ չէ, որ նախագահը հրաժարական տա», - ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հարցը համարում է «իրականությանից կտրված». - «Սերժ Սարգսյանը հիմա ամբողջովին իրավիճակը տիրապետում է եւ, ըստ էության, այս պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ որեւէ խնդիր չունի: Ինչո՞ւ պետք է հրաժարական տա»:
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG