Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի երդման արարողությունը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը, 18 նոյեմբեր, 2011

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը, 18 նոյեմբեր, 2011

Տարոն Մարգարյանը երդվեց պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները եւ գործել ի բարօրություն երեւանցիների:

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուրբաթ օրը քաղապետարանում կայացած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ երդվեց պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները եւ գործել ի բարօրություն երեւանցիների:

«Տարո'ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներիդ հուսախաբ անելու իրավունք չունե'ս», - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս կոչով դիմեց Տարոն Մարգարյանին` նրա երդման հանդիսավոր արարողության ժամանակ:

Հիշեցնենք, նոյեմբերի 15-ին Երեւանի ավագանին 33-ամյա Տարոն Մարգարյանին միաձայն Երեւանի քաղաքապետ ընտրեց:

Սերժ Սարգսյանը մինչեւ Տարոն Մարգարյանին շնորհավորելը հիշեց նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին` շնորհակալություն հայտնելով նրան պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար:

Անդրադառնալով նորընտիր քաղաքապետին` Սերժ Սարգսյանն ասաց, թե Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ տեղական ինքնակառավարման բնագավառում: «Ավանում նա իրեն դրսեւորել էր որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը», - ասաց նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, 18 նոյեմբեր, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, 18 նոյեմբեր, 2011


Սերժ Սարգսյանը նշեց, թե այսօրվանից Տարոն Մարգարյանը լրջագույն պատասխանատվություն է ստանձնում քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ` ընդգծելով, որ բոլորը կանգնած են նրա կողքին եւ պատրաստ են մշտապես աջակցել:

«Բայց, ինչպես հայտնի է, օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը, ինքը պետք է լավ աշխատի: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ շարունակել լուծել Երեւանի առջեւ ծառացած բոլոր ժամանակների համար ամենակարեւոր խնդիրը՝ թեթեւացնել երեւանցիների հոգսերը եւ Երեւանը դարձնել ավելի հարմարավետ երեւանցիների եւ մեր հնագույն մայրաքաղաքի հյուրերի համար», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, թե առջեւում կարեւոր ժամանակաշրջան է եւ շատերը խոսելու են միասնության մասին: Նախագահն ասաց, թե, իհարկե, դա ճիշտ մոտեցում է, բայց պարտադիր է հստակեցնել, թե այդ միասնությունը ի՞նչի շուրջ է պետք կառուցել:

«Միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների եւ օրենքների շուրջ: Այս արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է, մեր բնական դաշնակիցը», - ասաց Հայաստանի նախագահը:

Նախագահից բացի ելույթ ունեցավ եւ իր օրհնությունը նորընտիր քաղաքապետին տվեց նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` նշելով, որ երիտասարդ, ավյունով լեցուն քաղաքապետը մեծ պատասխանատվություն ունի երկրի նախագահի եւ բոլոր երեւանցիների առջեւ:

Իշխանական ողջ վերնախավն այսօր ներկա էր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը` վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նախարարները, Ազգային անվտանգության ծառայության պետը, Գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, գործարար պատգամավորները, անգամ ներկա էր Երկրապահ կամավորականների վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Ընդդիմությունից եկել էր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Կարելի է ասել` ներկա չէին միայն նախկին քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, որ Երեւանի նորընտիր քաղաքապետը առաջիկայում կարող է ստանձնել նաեւ Հանրապետական կուսակցության Երեւանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Հանրապետական խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը համակարգում է նաեւ կուսակցության Երեւանի տարածքային բոլոր կառույցները: Հարցին, թե արդյո՞ք կուսակցական աշխատանքը չի խանգարի Երեւանի քաղաքապետին հատկապես առաջիկայում սպասվող նախընտրական շրջանում, Հանրապետականի խորհրդի անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե Երեւանի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը եւս վստահվի Տարոն Մարգարյանին, ապա նա երկու տեղում էլ կարդարացնի իրեն:

«Այո, կհաջողվի, եւ Տարոն Մարգարյանի տեսակով` որպես մարդ, որպես թիմի մեջ աշխատող անձնավորություն, միանշանակ մենք Երեւան քաղաքում ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշ համապետական ընտրությունների արդյունքում, քան նախորդ ընտրություներում», - ասաց Սահակյանը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ, շնորհավորելով Տարոն Մարգարյանին, նշեց, թե շատ կցանկանար, որ այս վճռորոշ ժամանակաշրջանում նա կարողանար տարանջատել իր կուսակցական ինքնությունը քաղաքապետի ինքնությունից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG