Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն հարցաքննել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
Քննչական մարմիններից «Ազատություն» ռադիոկայանի ստացած տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հարցաքննել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա` ծեծի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ուրբաթ օրը ցուցմունք է տվել նաեւ Սիլվա Համբարձումյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ցուցմունքում պնդել եւ հաստատել է այն ամենը, ինչ մշտապես է հայտարարել:

Սիլվա Համբարձումյանը ի սկզբանե ՀՔԾ-ին տված իր գրավոր հաղորդման մեջ նշել էր, որ Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Գործարարին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց` պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում: Ինչ վերաբերում է «Մարիոթ»-ի տեսախցիկների ֆիքսած նյութերին, որ նախնական տեղեկություններով քննչական մարմիններն ուսումնասիրում են, Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ նյութերն իրենց հասանելի չեն դարձել:

«Ես հենց նույն օրը փորձել եմ հասկանալ` դրանք կտրամադրվեն, թե` ոչ, եւ ինձ պատասխանել են, որ դրանք կտրամադրվեն բացառապես իրավապահ մարմիններին», - ասաց Թունյանը:

Հարցին, թե չի բացառո՞ւմ, որ տեսագրությունները կարող էին ջնջվել կամ բովանդակությունը կարող էր փոխված լինել, Թունյանը պատասխանեց. - «Ժամանակակից տեխնիկան թույլ է տալիս որեւէ բան փոփոխել, բայց նույն կերպ թույլ է տալիս հասկանալ` դա փոփոխված է, թե` ոչ: Եթե առկա կլինի որեւէ մոնտաժ, որեւէ ձեւախեղում այդ տեսանկարահանման մեջ, դա, բնականաբար կերեւա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, այնուհանդերձ, հաշտվի Սյունիքի մարզպետի հետ, քանի որ Քրեական օրենսգրքի 118 հոդվածը, որով հարուցված է քրեական գործը, այդ հնարավորությունը տալիս է, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. - «Ես կհաշտվեմ այն ժամանակ, երբ ինքը իմ գումարները վերադարձնի, հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ գրություն թողնի, որ իմ նյարդերի աշխատանքային ռիթմը չի խանգարվի եւ իմ գլխից մազ չի պակասի»:

Համբարձումյանը ասաց, ինքը միջադեպից հետո սպառնալիքներ չի ստացել:

Հուրանոցում տեղի ունեցածից առաջ լրագրողների հետ հանդիպմանը գործարարը մեղադրել էր մարզպետին իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից միլիոնավոր դրամների արժողությամբ սարքավորումներ յուրացնելու մեջ, ինչը հերքել էր Սուրիկ Խաչատրյանը: Այնուհետեւ, մամուլի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը սկսեց ստուգել մատնանշված հանգամանքները, եւ փաստորեն այս ֆոնին տեղի ունեցավ «Մարիոթ»-ի միջադեպը:

Միջադեպից հետո էլ Համբարձումյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետին` իր անվտանգությունը ապահովելու խնդրանքով: Ոստիկանությունից այսօր փոխանցեցին, որ նա կարող է պայմանագիր կնքել եւ օգտվել թիկնազորային ծառայություններից` համապատասխան վճարումների դիմաց:

Գործարարը հաստատեց, որ Արաբկիրի հարկային տեսչությունը 2 օր առաջ ստուգումներ է սկսել իրեն պատկանող «Կալաչ» ընկերությունում: Հարցին, թե որեւէ կապ տեսնո՞ւմ է մարզպետի հետ կապված միջադեպի եւ այս ստուգումների միջեւ, Համբարձումյանը պատասխանեց. - «Ես հակված եմ չտեսնելու, իրենք խրոնոմետրաժ են անում, արտադրանքն են նայում»:
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG