Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 18-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Երբ վարչապետը կուսակցական երիտասարդների առջեւ ելույթ է ունենում տարօրինակ կեցվածքով, նախարարներն ու փոխնախարարները խաղեր են խաղում կամ բջջայինով պոռնոսայթեր ուսումնասիրում նիստերին, ոստիկանապետը կադրային կարուսել է սարքում, իսկ մարզպետները կանանց են ծեծում, սկսում ես հասկանալ, որ ինչ-որ բան շառավղից դուրս է ընկել: Չնայած արմատականների սպասելիքներին, դրանք ոչ թե իշխանության փլուզման, այլ իրողության նշաններն են, որ թեւակոխել ենք լճացման շրջափուլ: Բացի քաղաքական ինտրիգներից, այլեւս լուրջ պրոցեսներ պետական կառավարման որեւէ ոլորտում տեղի չեն ունենում. կա'մ հետ ենք գլորվում՝ նորացնելով մոռացության դատապարտած արատները, կա'մ, լավագույն դեպքում, դոփում ենք տեղում»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պարզ օրինաչափություն է. երբ ընդդիմությունը ակտիվ չէ, բանավեճը տեղափոխվում է իշխանության դաշտ։ ՀԱԿ-ը, ինչպես երեւում է, վերջին երկու ամիսներին ընտրել է պասիվ մարտավարություն. ըստ որոշ տեղեկությունների` սպասում է, մինչեւ խոպանչիները վերադառնան Հայաստան եւ սոցիալական բողոք բարձրացնեն։ Կոնգրեսի այդ կրավորական կեցվածքի պատճառով հասարակության ուշադրությունը սեւեռվել է իշխանական ճամբարում հակասությունների վրա։ Բայց եթե որեւէ մեկը հույս ունի, որ այդ հակասություններն ի վերջո կբերեն պայթյունի, ապա դա, կարծում եմ, սխալ հաշվարկ է: Իշխանության ներսում ոչ ոք չի խոստովանի, թե իրենց մեջ հակասություններ կան։ Սակայն իշխանության ներսում կա, այնուամենայնիվ, բանավեճ, որը գուցե փակ հանդիպումների ժամանակ էլ չի ստանում իր բառային ձեւակերպումը: Այդ բանավեճի օրակարգը հետեւյալն է. ինչպիսի՞ մեթոդներով հասնել իշխանության թիմի հաղթանակին, արդյո՞ք անհրաժեշտ են կտրուկ, կոշտ մեթոդներ, թե՞ բավարար են համեմատաբար մեղմ միջոցները: Վերջին 13 տարում նման բանավեճ չկար, որովհետեւ կասկած էլ չկար, որ կարծր մեթոդները խիստ անհրաժեշտ են: Այն, որ այսօր նման հարց է ծագում, արդեն իսկ մթնոլորտի որոշակի փոփոխության մասին է խոսում»:

«Իրատես de facto»-ի հետ հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասում է. - «Այս պահին նկատելի է, որ հիմնական քաղաքական կոնֆլիկտը կոալիցիայի ներսում է ու նաեւ ներկուսակցական հարթությունում մանդատներից հրաժարում, պաշտոններից հեռացում եւ այլն: Այս խորապատկերին կարելի է նկատել, որ իշխանության հետ ինչ-որ բան է կատարվում: Վաղուց պիտի գիտակցեին, որ նման կազմով հասնելու են քաղաքական ճգնաժամի ու մի օր իրենք են հարկադրված լինելու կտրել գորդյան հանգույցը… Ընդդիմության արտախորհրդարանական թեւը իր հաշվարկները կառուցել է այն բանի վրա, որ իշխանությունում ստատուս քվոներ կփոխվեն, ու իրենք այդ վիճակից կօգտվեն: Կարծում եմ` անհեռատես ու հիմնազուրկ հաշվարկ է, որովհետեւ նույնպիսի սպասումներ ուներ 2003-ի ընդդիմությունը»:

«Իրավունք»-ում կարդում ենք. - «Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարի ՀՀԿ-ն համագումարի չի անցկացնելու եւ որ կլինեն այլ միջոցառումներ: Իսկ թե կոնկրետ ի՞նչն է պատճառը համագումար չանցկացնելու, եւ մի՞թե այլ միջոցառումները խանգարում են դրան հարցերով դիմեցինք ՀՀԿ կազմբաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանին, ով, ի զարմանս լրագրողի, նշեց. «Ո՞վ է ասել, որ չի լինելու, եւ այն չի էլ հետաձգվելու: Մենք արդեն համագումարի ռեժիմի մեջ ենք, սկսվել են հաշվետու ժողովները, պատվիրակների ընտրությունը եւ 1900-ի չափ սկզբնական կազմակերպություն ունենք: Երբ ավարտեցինք պատվիրակությունների ընտրությունը, համագումարը կանենք: Դա կախված է պրոցեսի կազմակերպման ընթացքից, եւ այդչափ կազմակերպությունների ժողովը մեկ օրում չե՞ս անի, չէ՞»: Բայց չէ՞ որ նախատեսել էիք այս տարի անել հարցին` պարոն Թադեւոսյանը ասաց. «Դա դուք եք ասում, երբեւիցե մեր կողմից հնչե՞լ է նման բան: Տարին լրացել է, եւ մենք ընթացք ենք տվել համապատասխան օրենքի եւ կանոնադրության համաձայն: Չեմ կարող ասել` կհասցնենք այս տարի, թե ոչ, դա ցույց կտա ընթացքը եւ մոտակա շաբաթներում պարզ կլինի»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանն ակտիվորեն ոստիկանության կադրեր է փոխում, ոստիկաններն ակտիվորեն փորձում են քաղաքացիներին ստիպել անցնել փողոցը հետիոտնային անցումների համար նախատեսված հատվածներով: Արդյո՞ք դա այն էր, ինչն անհրաժեշտ է, այսպես ասած, բարեփոխումները ավարտին հասցնելու համար:Մի կողմից՝ նկատելի է, որ ինչպիսին բարեփոխումների մեկնարկն էր, այդպիսին էլ ավարտն է լինելու: Մյուս կողմից, սակայն, ի վերջո անհրաժեշտ է մի ինչ-որ պահից ձեռնամուխ լինել ոստիկանության իրական բարեփոխումների: Ամենեւին պատրանքներ չկան, որ միակ բարեփոխիչը, բարեփոխումների միանձնյա նախաձեռնողը պիտի լիներ Վովա Գասպարյանը, եւ այս է վկայում թեկուզ այն փաստը, որ ոստիկանությունում հանկարծ բավական կարեւոր պաշտոն է ստանում «Մարտի 1»-ի գործի քննությունն իրականացնող Վահագն Հարությունյանը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG