Մատչելիության հղումներ

Սերոբ Տեր-Պողոսյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց


Հինգշաբթի օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Տուժողի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների 70-ամյա քաղաքացու փաստաբանը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի վճիռը:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեն: Նրա խոսքով, այն անհիմն է: Ախթալայի «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը դատարանում եւս հայտարարել էր այդ մասին` ընդունելով, որ ինքն իսկապես սեռական հարաբերություններ ունեցել է Ախթալայի երիտասարդ, ինչպես նաեւ անչափահաս տղաների հետ, բայց ոչ նրանց կամքին հակառակ: Գործարարի փաստաբանը պնդում է, որ երկու տարի մի մարդու հետ սեռական կապեր ունենալը ամենեւին չի խոսում այն մասին, որ այդ կապը կարող է լինել կողմերից մեկի կամքին հակառակ:

«Մենք ասում ենք, եթե անձը, ըստ մեղադրող կողմի, երկու տարի շարունակ սեռական կապի մեջ է գտնվել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ, նման անձ չկա, որ 2 տարի շարունակ գտնվի անօգնական վիճակի մեջ, երբ որ հենց ամբողջ դատաքննության ընթացքում ապացուցվեց, որ այդ անձն է զանգել, անձն է եկել իր մոտ, ոչ թե հակառակը», - ասաց Սաֆարյանը:

Նշենք, որ այս գործով ներգրավված էր 10 տուժող:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե տուժողների շարքում նաեւ անչափահասներ են եղել, փաստաբանը պատասխանեց, որ միեւնույն է` Սերոբ Տեր-Պողոսյանը նրանց կամքին հակառակ որեւէ գործողություն չի կատարել:

«Եթե անձը մինչեւ 16 տարեկան է, կամ մինչեւ 14, դա նրան ավտոմատ չի դարձնում անօգնական: Անօգնականը նշանակում է, թե անձը չպետք է գիտակցի, թե իր հետ ինչ է կատարվում, այդ հարաբերությունների բնույթը, դրա լավ կամ վատ լինելը: Տուժողները բոլորն էլ դատարանում ասում էին, որ հասկացել են, նույնիսկ դատավորը հարց տվեց, ասաց, եթե ձեզ հայհոյանք տային այն գործողությունները նկարագրող, ինչ, որ դուք արել եք, դուք ի՞նչ ռեակցիա կտայիք, ասացին, պարզ է, կպատասխանեինք: Այսինքն մարդը հասկանում է, թե ինչ կատարվում», - ասաց փաստաբանը:

Հայաստանի գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, այս գործով մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանին: Դատախազն ասաց, որ գործարարը օգտագործել է անչափահաս երեխաների սոցիալական վատ պայմանները, նրանց դրել կախվածության մեջ: «Այս հարաբերություններում երեխաները եղել են պասիվ դիրքում», - հավելեց մեղադրող դատախազը:

«Ես չեմ ուզում այն ձեւերը նկարագրել, որոնք առկա են տեսագրություններում, այնուամենայնիվ, երեխաները պասիվ դիրքում են եղել: Հանցակազմի օբյեկտները ոչ թե չափահաս մարդիկ են, այլ անչափահասներ եւ մանկահասակներ: Եթե Սերոբ Տեր-Պողոսյանը գնար եւ որեւէ մեկի կամքով սեռական հարաբերություններ ունենար ինչ-որ մեկի հետ, մենք կասեինք, որ դու երկնագույն ես, քո սահմանադրական իրավունքն է քո սեռական կողմնորոշումը, գնա` ինչ ուզում ես արա, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում: Բայց երբ օգտագործվում է այնպիսի վիճակը, երբ տուժողին գցում են նյութական կախվածության մեջ, երբ նրա նկատմամբ այնպիսի վերաբերմունք է դրսեւորվում, որ այդ երեխաներն այլեւս մտածում են միայն իրենց նյութական կախվածությունից դուրս գալու մասին, որեւէ կերպ շնորհակալ լինելու մասին, ապա այստեղ արդեն տուժողի անօգնական վիճակը ակնհայտ է», - պնդեց մեղադրողը:
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG