Մատչելիության հղումներ

Փաստաբանի վկայությամբ` Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան

Երեք ամսից ավելի անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։

Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված բենզինի մեծ մասը յուրացնելու մեղադրանքով Օհանյանի ձերբակալությունից եւ կալանավորումից հետո մամուլը գրեց, թե Օհանյանը տվյալ գործով ցուցմունքներ է տվել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ։ Սակայն Ճանապարհային ոստիկանության նախկին պետի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Ինքը ցուցմունքներ ոչ մեկի դեմ չի տվել` ո՛չ Ալիկ Սարգսյանի, ո՛չ էլ ոստիկանության այլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Նա ընդամենը ցուցմունքներ է տվել իր անմեղությունը ապացուցելու առումով, բայց որեւէ մեկի դեմ ցուցմունք չի տվել», - ընդգծեց փաստաբանը։

«Եվ ի՞նչ է ասում, ինչպե՞ս է ինքը իրեն արդարացնում», - այս հարցին Վասակյանը պատասխանեց. - «Դա ես հետագայում կներկայացնեմ, ես հիմա չեմ ուզում ասել ինչ-որ տվյալներ։ Բայց, ամեն դեպքում, ինքը իրեն մեղավոր չի ճանաչել եւ իր անմեղության հետ կապված` ցուցմունքներ տվել է»։

Փաստաբանն ասաց` Օհանյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է հիմնականում նրա 4 ենթակաների ցուցմունքների վրա։

«Այց ցուցմունքների, ապացույցների հիման վրա նրան մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել են», - ասաց Վասակյանը:

Թե ինչու Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվում` այս առնչությամբ փաստաբանը ասաց. - «Նրան մեղսագրված արարքները ծանր հանցագործության հանցակազմով են, այդ իսկ պատճառով նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ես եւ իմ պաշտպանյալը առարկել ենք այդ միջնորդության դեմ, ինչպես նաեւ միջնորդել եմ` նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավ։ Դա դատարանի կողմից, չգիտես ինչու, մերժվել է, բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, Վերաքննիչը թողել անփոփոխ, գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է»։

Խափանման միջոցը չփոխելու պատճառաբանությունը, ըստ Մկրտիչ Վասակյանի, այն է, որ Մարգար Օհանյանը «կխուսափի, կթաքնվի նախաքննությունից»։

«Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ այդ կալանավորումը շատ սխալ է եւ խիստ է նրա նկատմամբ, քանի որ չկա որեւէ հանգամանք կամ փաստ, որպեսզի մենք մտածենք` Մարգար Օհանյանը կարող է խուսափել կամ թաքնվել նախաքննությունից», - ասաց Մկրտիչ Վասակյանը։

Փաստաբանի վկայությամբ` Օհանյանը նույնպես գտնում է, որ իր նկատմամբ խափանման միջոց կալանավորումը խիստ է, ինքը կարող է նաեւ ազատության մեջ մնալով մասնակցել նախաքննության գործողություններին։

«Բայց, ամեն դեպքում, ասեմ, որ ինքը ընկճված չէ քրեակատարողական հիմնարկում։ Ճիշտ է, առողջական խնդիրներ ունի` ասենք, ոչ թե հիմա, այլեւ նախկինում ունեցել է շաքարային դիաբետ, բայց, ամեն դեպքում, ընկճված չէ», - հավելեց Մկրտիչ Վասակյանը։

Փաստաբանը վստահեցրեց նաեւ, որ Օհանյանը իր ազատազրկման մեջ քաղաքական որեւիցե դրդապատճառ չի տեսնում. - «Ոչ, նման բան չկա, ո՛չ ես եմ տեսնում, ո՛չ էլ ինքն է տեսնում նման բան, քանի որ ես չեմ գտնում, որ Մարգար Օհանյանի նկատմամբ ուզենան մեղադրանք առաջադրել, կամ նրան կալանավորեն, ազատությունից զրկեն ինչ-որ քաղաքական նկատառումներով կամ դրդումներով։ Ինքը ոստիկանության գնդապետ է, եւ, իմ կարծիքով, եւ ճիշտ եմ այդպես մտածում, որ ոստիկանը չի կարող որեւէ քաղաքական խաղերի մեջ լինել»։

Որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե, ըստ էության, քաղաքական պատճառներ են գտնվում Օհանյանի կալանավորման ետեւում, քանի որ նա փորձ է արել անցնել մեկ այլ դաշտ, համագործակցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, եւ այլն։

Մարգար Օհանյանը պահվում է «Երեւան» քրեակատարողական հիմնարկում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG