Մատչելիության հղումներ

Չաուշի 14/3-ի բնակիչների խնդիրը շարունակում է լուծում չստանալ


Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի բնակիչները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, արխիվային լուսանկար

Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի բնակիչները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, արխիվային լուսանկար

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ շուրջ 3 տարի առաջ առքուվաճառքի եւ նախավճարի պայմանագիր կնքած 40-ից ավելի ընտանիքներ դեռեւս չեն ստացել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում գտնվող անավարտ նորակառույցում բնակարանների սեփականության վկայականները:

Այդ ընթացքում Կադաստրի պետական կոմիտեն նոտարով հաստատված պայմանագրերի հիման վրա սեփականության վկայական չի տրամադրել, քանի որ շենքը դեռեւս անավարտ է: Տուժած բնակիչները սեփական շահերը պաշտպանելու համար հիմնել են «Նորաշեն» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար Արմեն Մկրտչյանի խոսքով` կոոպերատիվի ղեկավարները, կանգնելով ֆինանսական խնդիրների առջեւ, չեն կարողացել ավարտին հասցնել շենքի շինարարությունը եւ փորձել են տարբեր տեղերից գումարներ հայթայթել:

«Նրանք, փաստորեն, տարբեր մարդկանցից տոկոսով գումարներ են վերցրել եւ դրա դիմաց բնակարանները գրավադրել այդ մարդկանց մոտ: Ուղղակի այդ գրավադրումը ստացել է օրինական տեսք, առքուվաճառքի տեսք է ստացել: Իրականում գրավադրված է եղել, ուղղակի առքուվաճառքի տեսքով է եղել: Տոկոսով գումարներ վերցնելու արդյունքում` կոոպերատիվի ղեկավար կազմը ընկել է այնպիսի իրավիճակի մեջ, որ շուրջ մեկ տարի բավականին մեծ, մեր տվյալներով, մոտ 1-1.5 միլիոն դոլարի տոկոս է մարել», - ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը ձերբակալվել էին: Նրանց կողմից մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Մինչեւ քրեական գործի հարուցումը, փաստորեն, տոկոսով գումարներ տվողները կարողանում էին բացահայտ ասել, որ այո, իրենք տոկոսով գումարներ են տվել` թող իրենց գումարները տան, իրենց մեր տները պետք չեն, հետ կվերադարձնեն: Սակայն կոոպերատիվի ղեկավար կազմի ձերբալակությունից հետո այդ մարդիկ, օգտագործելով իրենց առքուվաճառքի փաստաթուղթը, ասում են, թե գնել են: Փաստորեն հրաժարվում են բնակարանները հետ վերադարձնել բնակիչներին», - ասաց Արմեն Մկրտչյանը:

Արմինե Մայիլյանը եւս տուժած բնակիչներից է: Նրա խոսքով` Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում գտնվող մի շարք բնակարանների փաստաթղթեր Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ձեռքում են:

«Վերջինս, իմանալով մեր բողոքների մասին, անձամբ խնդրեց, որ մենք հանդիպենք: Մենք 7 հոգով գնացինք Ջրվեժում գտնվող իրենց պատկանող արտադրամաս եւ սկսեցինք զրուցել այդ փաստաթղթերի մասին: Մեզ հորդորեց, խնդրեց, որ իր անունը չբարձրաձայնենք լրատվամիջոցներով, ոչ մի անգամ չբողոքենք, բնակարանները անպայման ետ կվերադարձվեն: Մեզ համոզեց, փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ եւ ուղարկեց տուն», - պատմում է Մայիլյանը:

Նա պնդում է, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարները տոկոսով գումարներ են վերցրել նաեւ պատգամավորի ամուսնուց` Դավիթ Բեգլարյանից:

«Դավիթ Բեգլարյանի վրա մինչ օրս վաշխառության հոդված դրված չէ, էդ ցուցակով բոլոր մարդկանց վրա վաշխառության հոդվածը դրված է եւ ապացուցված է, բացի Դավիթ Բեգլարյանից: Եվ ո՞րն է պատճառը, ես չեմ կարողանում հասկանալ: Մեկ տարի է քննությունը գնում է, եւ չեն կարողանում ապացուցել դա», - ասաց նա:

Տուժած բնակիչները մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի առաջ: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հանդիպել էր նրանց հետո ու խոստացել, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, փորձել ի նպաստ բնակիչների լուծում գտնել, սակայն, բնակիչների խոսքով, մինչ օրս ոչ մի տեղաշարժ չկա:

«Ես խնդրում եմ պարոն նախագահին, ուղղակի աղաչում եմ, միակ լուծումը ինքը կարող է տալ, մենք մեծ հույսով սպասում ենք մեր նախագահի լուծմանը», - ասաց Մայիլյանը:

Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ այսօր կապվել չհաջողվեց, սակայն նա ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրեն վերագրվող մեղադրանքները սուտ էր որակել` հավելելով, որ ինքը եւս տուժող է:

Կառավարության որոշմամբ դեռ 2009 թվականին կես միլիոն դոլարին համարժեք դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել «Նորաշեն 2007» կառուցապատող ընկերությանը` Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Սակայն, տուժած բնակիչների խոսքով, շենքի շինարարությունը մինչ օրս ամբողջովին ավարտված չէ:
XS
SM
MD
LG