Մատչելիության հղումներ

Ամբաստանյալները պնդում են, որ իրենք Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել


Չորեքշաբթի օրը Երեւանում տեղի ունեցավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջին արտագնա նիստը սպա Արտակ Նազարյանի մահվան գործով:

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով կալանավորված 5 ամբաստանյալներն էլ դատարանում հայտարարեցին, որ մեղավոր չեն եւ լեյտենանտին ինքնասպանության չեն դրդել:

Ամբաստանյալներից լեյտենանտ Վահագն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ` մեղադրանքը որակելով «կեղծ ու շինծու». - «Ես ինձ մեղսագրված արարքները չեմ կատարել, ոչ մեկի նկատմամբ բռնություն չեմ կիրառել»:

Այս դատավարությունը ընթանում էր Բերդ քաղաքում: Նիստերը, սակայն, հաճախ հետաձգվում էին: Նազարյանի հարազատների առաջարկը նիստերը Երեւանում անցկացնելու մասին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը ընդունել էր: Բայց որոշում էր կայացրել արտագնա նիստեր անցկացնել Երեւանում իր իսկ նախագահությամբ:

Արտակ Նազարյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի ավագն էր: Նա մահացել է 2010 թվականի հուլիսի 27-ին: Նախաքննության համաձայն, 30-ամյա լեյտենանտը ինքնասպան է եղել: Ըստ նախաքննության, նրան ինքնասպանության են դրդել այժմ կալանավորված 5 ծառայակիցները:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանում կարդալով մեղադրական եզրակացությունը` նշեց, թե Արտակը ինքնասպանության է դիմել, որովհետեւ նրան պարբերաբար ծեծել ու ստորացրել են:

Մինչդեռ ինչպես Արտակ Նազարյանի իրավահաջորդն ու իր ներկայացուցիչը, այնպես էլ 5 ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները հայտարարեցին, որ համաձայն չեն մեղադրանքի հետ:

Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը` Հրանտ Գեւորգյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նախաքննությունը խախտումներով է կատարվել, 5 ամբաստանյակներն էլ պարզապես քավության նոխազ են դարձել:

«Եթե քննությունը կատարվեր լրիվությամբ ու բազմակողմանիությամբ, իմ պաշտպանյալի արարքը կորակվեր այլ կերպ, լույս կսփռվեր Նազարյանի մահվան հանգամանքներին: Որովհետեւ քրեական գործով նախաքննությունը կատարվել է միայն զինվորական ոստիկանության կողմից ուղարկված բացատրությունների շուրջ: Սա նշանակում է, որ այդ վարկածն արդեն կանխորոշված ուղարկվել է», - ասաց փաստաբանը:

Բայց նրա ու մյուս փաստաբանների միջնորդությունը` գործը կրկին ուղարկել համալիր նախաքննության, դատավորը մերժեց:

Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին հայտարարեց, որ Նազարյանին պարզապես սպանել են:

«Մենք համոզված ենք, որ իրենք [ամբաստանյալները] ինքնասպանության չեն հասցրել Նազարյանին, որովհետեւ Նազարյանին սպանել են», - հայտարարեց Մարտիրոսյանը:

«Արտակ Նազարյանին սպանել են, Արտակ Նազարյանը ինքնասպան չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ամբաստանյալներից մեկի ազգականը: - «Սպանել է սպայական կազմը… թող իրենք բացահայտեն` ոնց է եղել, ինչ է եղել»:

Դատավորը պաշտպանական ու տուժող կողմերի ոչ մի միջնորդություն չընդունեց: Նրանք էլ դատավորին բացարկ հայտարարեցին: Հաջորդ դատական նիստին դատավորը դրա վերաբերյալ որոշում կկայացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG