Մատչելիության հղումներ

Ռոքը հանուն քաղաքականության


Սունդուկյանի անվան թատրոնում նոյեմբերի 15-ին, տեղի ունեցավ Երիտասարդության համաշխարհային օրվան եւ Ուսանողության միջազգային օրվան նվիրված ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Կատարումներով հանդես եկան «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերը։ Համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 17-ին եւ 20-ին։

«Կազմակերպված 4 համերգների նպատակն է երիտասարդների համար տոն ստեղծել» - նշում է ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն նման միջոցառումներ հաճախ է կազմակերպել, եւ այս համերգները որեւէ կապ չունեն գալիք ընտրությունների հետ:

Գագիկ Մելքոնյանը համերգին մասնակցելու համար Երեւան էր եկել Չարենցավանից: Նա նշում է, որ չի հարում որեւէ կուսակցության, բայց հաճախ է մասնակցում նրանց կազմակերպած միջոցառումներին:

Աիդան եւ Մերին համերգի հրավիրատոմսերը նվեր են ստացել Հանրապետական կուսակցության անդամ իրենց ընկերուհուց: Աիդան համերգները որոշ չափով համարում է քարոզարշավի մեկնարկ, սակայն նշում է, որ սա որեւէ ձեւով իր վրա ազդեցություն չի թողնի` կուսակցության շարքերում ընդգրկվելու հարցում: Շատ երիտասարդներ, սակայն, նշում են, որ հավանական է, որ նման միջոցառումներից հետո սկսեն սատարել Հանրապետական կուսակցությանը:

Դրսում արդեն ցուրտ է եւ դահլիճում ներկա բոլոր հիվանդ երիտասարդներին իրենց լավ երաժշտության դեղատոմսն առաջարկեց «Դեղ» խումբը, որի վոկալիստ Սրբուհին նշում է, որ համերգը ոչ մի կերպ չի կարող քաղաքական ենթատեքստ ստանալ, եւ սխալ է ռոքն ու քաղաքականությունը իրար կապել:

«Դորիանս» խմբի վոկալիս Գոռը նշեց, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի, եւ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե մեկ այլ կուսակցության կազմակերպած համերգին կմասնակցի թե ոչ:


XS
SM
MD
LG