Մատչելիության հղումներ

logo-print

Amnesty International. «Պաշտոնական Բաքուն է՛լ ավելի է խստացրել իր բռնապետական դիրքերը»


Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցներին, Բաքու, ապրիլ, 2011

Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցներին, Բաքու, ապրիլ, 2011

«Գարուն, որ այդպես էլ չծաղկեց». այսպես է հեղինակավոր իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը բնորոշում այս տարվա մարտին Ադրբեջանում սկիզբ առած եւ իշխանությունների կողմից կոպտորեն ճնշված բողոքի ցույցերը։

«Անկախության քսան տարիները, տնտեսական աճն ու համեմատական կայունությունը այդպես էլ չամրապնդեցին մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը Ադրբեջանում», - փաստում է Amnesty International-ը այդ երկրում մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող իր զեկույցում ու կոչ անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Մանրամասն ներկայացնելով գարնանը սկիզբ առած ցույցերն ու դրանց հետեւած զարգացումները՝ իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ վերջին տարիներին պաշտոնական Բաքուն ոչ միայն առաջընթաց չի արձանագրել ժողովրդավարության ուղղությամբ, այլեւ է՛լ ավելի է խստացրել իր բռնապետական դիրքերը եւ նոր մեթոդներ որդեգրել՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար։

«Խաղաղ ցույցերը, ըստ էության, ապօրինի են որակվում ու արգելվում, դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները բանտարկվում են, իրավապաշտպաններին վախեցնում են, լրագրողներին՝ ծեծում ու առեւանգում», - գրում է արդեն շուրջ հիսուն տարի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն ու շարունակում. - «Օտարերկրյա հեռարձակումները արգելելու պատճառով երկրում կրճատվել է անկախ լրատվամիջոցների թիվը, վտանգի տակ են հայտնվել նաեւ ազատ խոսքի մյուս հարթակները՝ ինտերնետն ու սոցիալական ցանցերը»։

Զեկույցի համաձայն, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հետապնդում են երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, այլեւ օրենսդրական փոփոխություններ մշակում՝ էլեկտրոնային դաշտը վերահսկելու համար։

Արաբական հեղափոխություններից հետո՝ գարնանը, Ադրբեջանում բողոքի ցույցերը սկիզբ առան նախ սոցիալական ցանցերում՝ Facebook-ում ստեղծված ընդդիմադիր խմբերից ու կառավարության հրաժարականը պահանջող կոչերից։ Հետզհետե այդ նախաձեռնությունները վիրտուալ տարածքից տեղափոխվեցին փողոցներ, որտեղ էլ հենց իշխանությունը կոպտորեն ուժ գործադրեց՝ հիշեցնում է զեկույցը։

Ընդհանուր առմամբ, Amnesty International-ի հաշվարկներով, միայն այս տարվա գարնանը տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում 17 մարդ է ազատազրկվել. նրանց Amnesty International-ը խղճի կալանավոր է համարում` մարդ, ով ճաղերի ետեւում է հայտնվել իր քաղաքական կամ կրոնական հայացքները խաղաղ ճանապարհով արտահայտելու համար։

Այսօր Ադրբեջանում, ըստ էության, որեւէ մեկին թույլ չի տրվում իշխանության հասեցին քննադատություն հնչեցնել, եւ ցանկացած մեկը, ով այդպիսի հանդգնությամբ է հանդես գալիս, կանգնում է պատասխանատվության առջեւ։ Իշխանությունները օգտագործում են պետական հզոր ապարատը՝ մարդկանց վախեցնելու, քաղաքացիական հասարակությունը թուլացնելու, դատարաններն ու լրատվամիջոցները իրենց ենթարկեցնելու համար։ Մինչդեռ միջազգային հանրությունը զգուշավորությամբ է արձագանքում այս բիրտ մեթոդներին՝ հաշվի առնելով այդ երկրի բնական պաշարներն ու կարեւորությունը էներգետիկ դաշտում։

«Կոչ ենք անում Եվրամիությանն ու Ադրբեջանի մյուս միջազգային գործընկերներին` աչք չփակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա եւ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ խաղաղ հանրահավաքների նկատմամբ ճնշումները դադարեցնելու համար», - հայտարարում են միջազգային իրավապաշտպանները եւ ընդգծում. - «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց բռնապետական մեթոդները, միջազգային հանրությունն էլ պետք է հստակ ընդգծի, որ չի ուզում համագործակցել այն երկրների հետ, որոնք ոտնահարում են սեփական քաղաքացիների իրավունքները»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG