Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վաղաժամ է համարում հերթական խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցության առաջնորդը չի բացառում, որ առաջիկա 5 ամիսների ընթացքում իշխանությունները ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների:

«Այդ հնարավորությունը միշտ կա: Եթե, ասենք, 72 միլիոնանոց Եգիպտոսում 100 հազարը ստիպում է Մուբարաքի նման մարդուն հրաժարական տալ, այստեղ այդ նույն քանակությունը բավարար է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները նախագահի հրաժարական պահանջի գործող իշխանությունից, եւ այդ գործընթացը իրական արդյունք տա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե ինչը պիտի ստիպի իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Իշխանություններին ստիպելու համար հասարակական լայն զանգվածների մասնակցություն է պետք: Դրա համար Կոնգրեսի մարտավարությունը ավելի շատ մարդաշատություն ապահովելու վրա է: Բայց որպեսզի այդ ավելի շատ մարդաշատությունը ապահովվի, կան նաեւ քաղաքական պատրվակներ: Օրինակ, գարնանը այդ քաղաքական պատրվակները համընկան նաեւ հասարակության սոցիալական անբավարարվածության, ներքաղաքական իրավիճակների հետ, եւ հասարակությունը փողոց դուրս եկավ»:

«Նման պատրվակներ միանշանակ կլինեն», - շարունակեց նա: - «Բայց, ես ասում եմ` կա հարմար ժամանակաշրջան, կա ավելի լավ ժամանակաշրջան, որի դեպքում այդ գործընթացը ծավալելը կլինի արդյունավետ: Օրինակ, իմ կարծիքով, փետրվար ամիսը ամենահարմար ժամանակաշրջանն է այդ գործընթացները ծավալելու համար: Ու այստեղ շատ կարեւոր է նաեւ արտագնա ծանր աշխատանքով սեփական ապրուստը վաստակող մարդկանց մասնակցությունը: Իրենք ձմռանը` Նոր տարուց առաջ վերադառնում են տուն: Իսկ դա ահռելի թիվ է Հայաստանում: Հենց մեր Վիճպետվարչության տվյալներով, այդ քանակությունը 60-100 հազարի սահմանում է, որոնք գալիս ու գնում են: Ու պատկերացրեք, դրանից 30-40 հազարը մասնակցում է մեր հանրահավաքներին: Ու դա հստակ Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալն է: Գարնանային հանրահավաքների բազմամարդությունը նաեւ այդ մարդկանց մասնակցության արդյունքն էր»:

Արամ Սարգսյանի փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսը «պահում է իր քաղաքական ակտիվությունը», «թե' երկարաժամկետ, թե' կարճաժամկետ ծրագրերի համար մոտեցումներ ունի»:

Իշխանական թեւում վերջին զարգացումներին, պաշտոնյաների փոխատեղումներին վերաբերող հարցին, մասնավորապես, թե ինչով են դրանք պայմանավորված, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը արձագանքեց. - «Սեփական թիմին ցույց տալու, որ ես ազդեցություն ու ուժ ունեմ, որ ես ձեւավորում եմ իմ թիմը: Եվ այդ խնդիրը գործող նախագահը իսկապես ունի` սեփական թիմ ձեւավորելու, որովհետեւ կասկածից վեր է, որ գործող նախագահը իր պլաններում նախատեսում է եւս մեկ ժամկետ նախագահ լինելու: Եվ այդ պլանները դեռ մի տարի առաջ ի ցույց դրեց` կոալիցիոն համաձայնագրի նոր թուղթ ստորագրելով: Այսինքն` մարդը վախենում է [զրկվել] նորից ընտրվելու հնարավորությունից եւ ճիշտ է անում, որ վախենում է: Որովհետեւ ինքն էլ է նկատել, որ աշխարհը փոփոխվում է, որ իր մնալը այդքան էլ միանշանակ ապահովված չէ: Հետեւաբար, ընդդիմությունը ունի մի խնդիր` հաղթել իշխանություններին մինչեւ ընտրությունները: Ես անձամբ եկել եմ հետեւյալ եզրակացության` պիտի հաղթես մինչեւ ընտրությունները»:

Սարգսյանի համար իր վերջին պնդման լրացուցիչ հիմնավորում է դարձել արաբական երկրների փորձը. - «Երբ ժողովուրդը փողոցում էր, Մուբարաքն ասում էր` ես իմ թեկնածությունը չառաջադրեմ… Պիտի հասնել նրան, որ երբ ժողովուրդը փողոցում լինի, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, Հանրապետական կուսակցությունն ասի, որ ինքը` որպես կուսակցություն, այդ ընտրությանը չի մասնակցելու: Որովհետեւ ինքն իր մասնակցությամբ կասկած է առաջացնում երկրում արդար ընտրություններ անցկացնելու հարցում… Ես, իհարկե, չեմ հավատում, որ Հանրապետական կուսակցությունը նման բան կանի…»:

Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը հավելեց. - «Ես չեմ բացառում զարգացումների նման տարբերակ: Երբ իրենք կգան ու կասեն` այ, մենք, երկիրը սիրելով, չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որ այս ժողովուրդը հավատա արդար ընտրություններին, որովհետեւ այս երկրի փրկությունը արդար ընտրություններն են, ինչը իրենք տարբեր ամբիոններից ասում են, այդ ժամանակ նոր ես կհավատամ իրենց ու կգնամ հերթական ընտրություններին: Հակառակ դեպքում մնացածը իմիտացիա է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG