Մատչելիության հղումներ

Գործարարի փաստաբանը ոստիկանապետից խնդրել է ապահովել իր վստահորդի անվտանգությունը


Գործարար Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ծեծի հատկանիշներով, որը նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-ապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Գործով մեղադրանք որեւէ մեկի դեռ չի առաջադրվել: «Ազատություն» ռադիոկայանի ունեցած նախնական տեղեկություններով, նախաքննական մարմինը «Արմենիա-Մարիոթ»-ից պահանջել է հյուրանոցում տեղադրված տեսախցիկների նկարահանած նյութերը: Համբարձումյանը ե'ւ քննչական մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ, ե'ւ լրատվամիջոցների հետ զրույցներում հայտարարել էր, որ նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետը, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դռներից ներս մտնելով, հարձակվել էր իր վրա եւ հարվածել իրեն: Նա սակայն, հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից` հիմնավորելով, որ մարզպետի հարվածից ցավ զգացել է, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե արդյո՞ք արդեն հարցաքննվել կամ ապագայում հարցաքննվելու է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հատուկ քննչական ծառայությունից միայն պատասխանեցին, որ կատարվում է նախաքննություն եւ ընթացքի մասին կհայտնեն լրացուցիչ: Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարզպետը պարտադիր պետք է հարցաքննվի:

«Մարզպետը չի կարող չհարցաքննվել, որովհետեւ նա հենց այն անձն է, ում տվյալ պարագայում կարող է մեղսագրվել այդ արարքը, այսինքն իմ վստահորդին ծեծի ենթարկելը: Իմ պատկերացմամբ քննության օբյեկտիվություն որեւէ կերպ հնարավոր չի լինի ապահովել առանց այդ հարցաքննության: Խոսքը միայն մարզպետի մասին չէ, այլ բոլոր ներկաների», - ասաց Թունյանը:

Քրեական գործը, ըստ փաստաբանի, հարուցված է ճիշտ հոդվածով` «Ծեծ»: Ինչ վերաբերում է այն խնդրին, թե արդյո՞ք միջադեպը նաեւ խուլիգանության տարրեր է պարունակել, ապա Թունյանն ասաց. - «Այն, ինչ տեղի է ունեցել, իրոք տեղի է ունեցել հասարակական վայրում, եւ կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը ուզի թե չուզի, քրեական գործի քննության ընթացքում պիտի անդրադառնա այդ հարցին, թե արդյո՞ք կան բավարար հիմքեր խուլիգանության հանցակազմի տարրեր արարքում տեսնելու համար: Մեզ էլ են հետագայում հասանելի լինելու այդ ապացույցները եւ այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք, թե մեր պատկերացմամբ` օբյեկտի՞վ է քննությունը, թե՞ ոչ, արարքում տեսնո՞ւմ ենք խուլիգանության հատկանիշներ, թե՞ ոչ»:

Կարեն Թունյանը նաեւ տեղեկացրեց, որ գրավոր դիմել է ոստիկանապետին` խնդրելով ապահովել Սիլվա Համբարձումյանի անվտանգությունը, քանի որ դեպքի կրկնությունը բացառված չէ:

«Նման պարագայում ես երբեւէ չեմ կարող բացառել, որ կարող է կրկին բռնության կիրառման կամ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգ լինել», - ասաց Թունյանը` հավելելով, թե երկու կողմի վեճից կարող են նաեւ ինչ-որ երրորդ անձիք էլ օգտվել:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռեւս անձամբ որեւէ պարզաբանմամբ հանդես չի եկել, բայց մարզպետարանը ի սկզբանե հերքել է Սիլվա Համբարձումյանի պնդումները` նրան ծեծի ենթարկելու մասին լուրերը որակելով հորինված, բացարձակ սուտ եւ զրպարտություն` ուղղված Սյունիքի մարզպետի դեմ:

Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը, ով այդ ժամանակ «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում է եղել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ մարզպետի եւ այդ տիկնոջ միջեւ միջադեպ եղել է:

«Ես հանդիպման էի իմ գործերով, իմ աշխատանքային ընկերոջ հետ նստած էի «Մարիոթ» հյուրանոցի խոլում` սրճարան կա ներսում, կողքի սեղանին նստած էին երկու կին, որոնցից մեկը հետո պարզվեց Սիլվան է, որին ես էդպես չէի ճանաչում, հետո ճանաչեցի, եւ Հարությունյան Մենուան: Ներս մտավ մարզպետը, բարեւեց ինձ, Մենուային բարեւեց: Հետո այդ պահին ես իմ ընկերոջ հետ խոսում էի, տեսա, որ էնտեղ մի քիչ ձայները բարձրացան, այսինքն էդ կինը վեր կացավ, որ գնա, մարզպետն ասաց, մի րոպե սպասի, ես մտածեցի` մոտենում են, խոսեն, էլ ես ինձ թույլ չտվեցի ոչ նայեմ, ոչ հետեւից գնամ կամ... Հետո տեսա` քաշքշում են իրար, մոտեցա, բաժանեցի», - պատմեց Սարգսյանը:

Հարցին, թե ի՞նչ է որակում այս արարքը, Սարգսյանը պատասխանեց. - «Գնահատական պիտի տրվի արարքին, բայց ինչպես որ ներկայացվում է` ծեծել կամ եսիմ ինչ բարդ բաներ, ես էդպիսի բան չեմ տեսել: Ես ուղղակի էդ պահին չգիտեի` ի՞նչ է կատարվում, եթե իմանայի, որ իրենց մեջ լարված հարաբերություններ կան, միգուցե ավելի ուշադիր լինեի»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել հանրապետական մարզպետի հետ կապված միջադեպին: Վաղը նախատեսված է կուսակցության գործադիր մարմնի հավաքը, բայց դեռեւս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե այդ հարցը քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ: ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին այդ առնչությամբ հետեւյալը փոխանցեց. - «Հանդիպելու ենք եւ գործադիր մարմնի անդամների մոտ կուտակված հարցերը իրենց իսկ առաջադրմամբ փորձելու ենք քննարկել, վերլուծել: Գործադիր մարմնի 14 անդամներից որեւէ մեկը կարող է նաեւ նման խնդիր [մարզպետի եւ գործարարի միջադեպը] առաջադրել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG