Մատչելիության հղումներ

Հայաստանցիների գրեթե 80 տոկոսը` ժողովրդավարության կողմնակիցներ


Հայաստան - Ընդդիմության հանրահավաք Երեւանում, արխիվային լուսանկար
Հայաստան - Ընդդիմության հանրահավաք Երեւանում, արխիվային լուսանկար
Ժողովրդավարության կողմնակիցների թիվը Հայաստանում 2006 թվականից ի վեր աճել է 28 տոկոսով`գերազանցելով Եվրամիության անդամ պետությունների մեծ մասում արձանագրված նույնատիպ ցուցանիշը:

«Ժողովրդավարական հաստատությունների գոյության օգտին է հանդես գալիս հայաստանցիների գրեթե 80 տոկոսը», - վկայում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի արդյունքները։

Բանկի հետազոտության նպատակն էր պարզել` արդյոք համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում փոխվե՞լ է եվրոպական պետությունների եւ հետխորհրդային երկրների բնակիչների վերաբերմունքը շուկայական տնտեսության ու ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանում ժողովրդավարության կողմնակիցների թիվը գերազանցում է 70 տոկոսը, իսկ Ադրբեջանում այն շուրջ 60 տոկոս է:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետներն արձանագրում են, որ ժողովրդավարության աջակցության մակարդակով Հայաստանը գրեթե նույնությամբ կրկնում է Արեւմտյան Եվրոպայի պետություններում արձանագրված միջին ցուցանիշը: Որոշ դեպքերում Հայաստանը այս ցուցանիշներով նաեւ գերազանցում է այդ տարածաշրջանի երկրներին: Այսպես, Իտալիայում ի պաշտպանություն ժողովրդավարական ինստիտուտների հանդես է եկել հարցվածների միայն 68 տոկոսը, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում այդ ցուցանիշը տատանվում է 75 տոկոսի շրջակայքում:

Ժողովրդավարական հաստատությունների հանդեպ ամենամեծ հիասթափությունն ապրել են Եվրամիության անդամ արեւելաեվրոպական պետությունների բնակիչները` նախեւառաջ Հունգարիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները նաեւ փորձել են պարզել` արդյոք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ինչ-որ կերպ ազդե՞լ է շուկայական տնտեսության հանդեպ շարքային քաղաքացիների ունեցած մոտեցումներին։ Պարզվում է, որ Հայաստանում մասնավոր սեփականության եւ անհատ ձեռներեցության օգտին է հանդես գալիս հարցվածների մոտ 50 տոկոսը. 2006-ին երկրում այդ ցուցանիշը շուրջ 35 տոկոս էր:

Հետազոտությունից նաեւ պարզ է դառնում, որ շուկայական տնտեսության հանդեպ բացասաբար են սկսել վերաբերվել հատկապես Եվրամիության նոր անդամները: Կենտրոնական Եվրոպայի եւ ոչ մի պետությունում` բացառությամբ Սլովենիայի, ազատ տնտեսության կողմնակիցների թիվը չի անցնում 40 տոկոսի սահմանագիծը։ Եվ սա այն դեպքում, որ նախաճգնաժամային 2006-ին պետությունների այս խմբում շուկայական տնտեսության աջակիցները ճնշող մեծամասնություն էին կազմում:

«Ակնհայտ է, որ ժողովրդավարական հաստատությունների եւ շուկայական տնտեսության հանդեպ հավատի կորուստն առավել բնորոշ է ավելի լավ վիճակում գտնվող պետությունների բնակիչներին: Դրա պատճառը, թերեւս, այն է, որ վերջին ճգնաժամն այդ պետություններին շատ ավելի ծանր հարված հասցրեց, քան 90-ականների սկզբի տնտեսական անկումը», - արձանագրում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները` ամփոփելով. - «ԱՊՀ-ի պետություններում հակառակ պատկերն է: Այստեղ ճգնաժամի բացասական հետեւանքները պակաս ցավոտ էին, քան այն անկումը, որ հետեւեց կոմունիստական համակարգի փլուզմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG