Մատչելիության հղումներ

logo-print
Քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով` Սահմանադրական դատարանը երեքշաբթի հրապարակած որոշմամբ արձանագրեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

Միեւնույն ժամանակ, սակայն, դատարանը, մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, որոնք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, երաշխավորելու են հոդվածը կիրառել բովանդակությանը համապատասխան: Մասնավորապես, դատարանը գտնում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս, պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:

«Հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը, թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար: Ընդհուպ չի կարելի հասցնել սնանկության: Խնդիրը վերաբերում է ոչ միայն սնանկությանը, այլ նրան, որ կարող է խաթարվել տվյալ լրատվամիջոցի գործունեությունը ընդհանրապես: Սա իմպերատիվ պահանջ է, պարզապես այդ իմպերատիվ պահանջը պետք է հաշվի առնել», - որոշումը մեկնաբանելիս ասաց Գագիկ Հարությունյանը:

Ըստ Սահմանադրական դատարանի` փաստերին ընդամենը քննադատական գնահատական տալը չի կարող փոխհատուցման պահանջ հանդիսանալ: Հստակեցում տրվեց նաեւ օմբուդսմենի վիճարկած մեկ այլ հասկացության եւս. դատարանը սահմանեց, որ գնահատողական դատողությունների համար եւս չի կարող փոխհատուցման նյութական պահանջ ներկայացվել. - «Դա ոչ անհրաժեշտ անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը: Այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները` հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին», - պարզաբանեց ՍԴ-ի նախագահը:

Դատարանը եզրակացրեց նաեւ, որ պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն պետք է կիրառվի ոչ նյութական փոխհատուցումը, այսինքն հերքումը, ներողությունը եւ այլ միջոցները կարող են միանգամայն բավարար լինել:

«Եվ [նյութական փոխհատուցում] նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառած վնասը փոխհատուցելու համար: Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս` պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը», - ասաց Հարությունյանը:

Օմբուդսմեն Կարեն Անդերասյանը որոշման հրապարակումից հետո ասաց, որ թեեւ վիճարկվող հոդվածը ճանաչվեց սահմանադրական, միեւնույն է, ինքը չի կարող ՍԴ-ի որոշումը բացասական գնահատել:

«Պետք է հաշվի առնվի լրատվամիջոցի գույքային վիճակը. սա մի բացառիկ կարեւոր դիրքորոշում է, որը ոգեւորության հենց առաջին պատճառն է: Իհարկե, դժվար կլինի իրավական դիրքորոշումներով անմիջապես ապրել ոգեւորություն եւ ունենալ միանգամից դրական գնահատականներ, բայց այն, ինչ հնչեցվեց բավարար հուսադրող է», - ասաց Անդրեասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ ՍԴ-ի իրավական այս գնահատականները կկիրառվեն դատարաններում, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. - «Սահմանադրական դատարանի գնահատականները չեն կարող լինել սոսկ գնահատականներ, դրանք պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթներ են, եւ մանավանդ հիմա տեղի է ունեցել օրենսդրական փոփոխությունը, որը նոյեմբերի 21-ին մտնում է ուժի մեջ, որից հետո Սահմանադրական դատարանի որոշումները արդեն իսկ պարտադիր օրենք են դառնում եւ պարտադիր կիրառման ենթակ են»:

Ի դեպ, այսօր օմբուդսմենն անձամբ էր ներկայացնում դիմումը իր ղեկավարած գրասենյակի երկու իրավաբանների օգնությամբ, իսկ պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովը ներկայացնում էր խորհրդարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը: Պատասխանը ներկայացնելիս, նա առարկեց օմուդսմենի բոլոր նկատառումներին` նրա դիմումը որակելով անհիմն: Անի Մխիթարյանը հայտարարեց, թե օրենսդիրը մտադրություն չի ունեցել որեւէ կերպ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:

«Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք եւ առավել եւս լրագրողները, մեր կարծիքով, պարտավոր են հարգել անձի արժանապատվությունը եւ այս պարտականությունը բխում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական օրենսդրությունից, այլ նաեւ լրագրության ոլորտը կարգավորող եւ պրոֆեսիոնալ լրագրողներին ծանոթ միջազգային փաստաթղթերից», - ասաց Մխիթարյանը:

ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր հայտարարեց, որ կարեւորելով խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը` դատարանը հետաձգել է այլ գործերի քննությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG