Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով դատական նիստը կրկին ուղեկցվել է բողոքի ցույցով


Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի Բեշիքթաշի քրեական դատարանում երեկ կայացած հերթական լսումներն այս անգամ էլ ուղեկցվում էին բողոքի ցույցով: Հայերեն եւ թուրքերեն պաստառներով Բերքշիթաշ թաղամասի կենտրոնական հրապարակում էին հավաքվել Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, «Ակոս»-ի աշխատակիցները, մի շարք հայտնի թուրք մտավորականներ, ցուցարարների մեջ նաեւ օտարերկրացիներ կային:

Մասնավորաբար, Դինքի սպանության կազմակերպիչներին բացահայտելու եւ պատժելու պահանջով դատարանի շենքի մոտ էր նաեւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գլխավոր ջատագովներից մեկը` հոլանդացի Յուստ Լագենդայկը:

Ինչ վերաբերում է բուն դատական նիստին, ապա այն նախեւառաջ աչքի ընկավ գլխավոր մեղադրյալներից մեկի` Յասին Հայալի հոր ցուցմունքներով:

Նախաքննական մարմնի պնդմամբ, ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Յասին Հայալը հենց այն մարդն էր, ով կապ է ապահովել սպանության կազմակերպիչների եւ անմիջական կատարողի` Օգյուն Սամասթի միջեւ:

«Ես լիովին համաձայն եմ Դինքի պաշտպանների հետ: Ես չեմ հավատում, որ այս գործի մութ կողմերը երբեւիցէ կբացահայտվեն: Ես ի վիճակի չեմ նայել Դինքի հարազատների դեմքին», - նշել է Բահատթին Հայալը` պնդելով, թե գործում ներգրավված եւս մի մեղադրյալ` ոստիկանության գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, իր որդուն ցույց է տվել Հրանտ Դինքի լուսանկարն ու ասել. - «Սա հայերի Աթաթուրքն է»:

«Այդպիսով նա նախանշել է Դինքին` որպես սպանության ապագա թիրախ», - պնդում է մեղադրյալի հայրը` նշելով նաեւ, թե
նախաքննության ողջ ընթացքում ենթարկվել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների ճնշմանը. - «Մարդինցի պաշտոնյաներից մեկն ինձ պարբերաբար միջնորդի միջոցով զգուշացումներ էր հղում: Ես ցանկանում էի քննչական մարմիններին ներկայացնել ողջ ճշմարտությունը, սակայն ինձ նախազգուշացրին, որ խնդիրներ կունենամ»:

Նա խոստացել է առաջիկայում հրապարակել իրեն ահաբեկած պաշտոնյաների անունները:

Փաստորեն Յասին Հայալը հայրը հակվում է նույն այն տեսակետին, որ տարիներ շարունակ կրկնում են Դինքի փաստաբանները:

Վերջինների համոզմամբ` Դինքի սպանության իրական կազմակերպիչները իշխանության ներսում են: Կարծես հաստատելով այս կարծիքը` Բահատթին Հայալը երեկ ասել է. - «Որտեղի՞ց իմ որդին պետք է իմանար «Ակոս» թերթի կամ Հրանտ Դինքի գոյության մասին»:

Դատախազության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Հրանտ Դինքի սպանության իրական կազմակերպիչները «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցի Տրապիզոնի կառույցի անդամներն էին:

Մեղադրող Հիքմեթ Ուստան, Zaman օրաթերթի փոխանցմամբ, երեկվա դատական նիստի ժամանակ հայտարարել է. - «Մենք պետք է վստահենք մեր պետությանը: Մենք չպետք է մեր իսկ պետությանը թշնամի հռչակենք: Իրավունքների վերականգման ճանապարհները պետք է օրինական լինեն: Ես կարծում եմ, որ այս տեսակետին են հակված նաեւ այս գործով որպես տուժող անցնողները: Ճշմարտությունը երբեք չի կարող թաքցվել: Բոլոր գաղտնիքները, որ կան այս գործի շուրջ, բացահայտվելու են»:

Յոթ մեղադրյալների համար որպես պատիժ դատախազ Ուստան պահանջել է ցմահ ազատազրկում:

Հրանտ Դինքի ընտանիքի անդամներն ու ընկերները, սակայն, համոզված են, որ մեղադրյալի աթոռին հայտնված անձանց դատապարտմամբ սահմանափակվելը գործի ոչ լիակատար բացահայտում է նշանակում:

Այս մասին դատարանի շենքի առջեւ թուրքական մամուլի համար արված հատուկ հայտարարության մեջ երեկ նշում էր Taraf թերթի սյունակագիրներից Ումիթ Քիվանչը:

«Սա մի խումբ երիտասարդների կողմից կատարված սպանություն չէ պարզապես: Այս սպանությունը երկրում առկա ազգայնական թեժ տրամադրությունների արդյունք էր: Այստեղ խոսում են «Էրգենեկոնի» Տրապիզոնի կառույցի մասին, սակայն այդ կազմակերպության եւ դրա ղեկավարությունն իրականացրած կառույցների կապն այդպես էլ չի բացահայտվել», - արձանագրում է թուրք հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG