Մատչելիության հղումներ

Վաղը` նոյեմբերի 16-ի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Անուշը դերերգը կկատարի Հասմիկ Պապյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում աշխարհահռչակ երգչուհին ասաց, որ իր բեմելն էլ եղել է նույն օրը` նոյեմբերի 16-ին, 25 տարի առաջ. - «Այս սիրելի հրաշալի բեմի վրա ես երգեցի Ռոզինա «Սեւիլյան սափրիչ»-ում: Առանց փորձի. երգչուհին հիվանդացել էր եւ ես համարձակվեցի դուրս տալ այս բեմ: Եվ դա սկիզբն էր… Եվ այսօր 25 տարի հետո ես վերադարձա այստեղ, վերադարձել եմ դեպի տուն»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրել հենց Անուշի դերերգը` Հասմիկ Պապյանը ասաց. - «Որովհետեւ ամեն ինչ կարող եմ երգել դրսում, բայց Անուշ` ոչ: Անուշ կարող եմ միայն այստեղ երգել, իմ տանը: Անուշը տուն կանչող է, Անուշը շատ հարազատ է: Եվ ինձ համար սա վերադարձ է դեպի իմ արմատները»:

Այդուհանդերձ, երգչուհին Անուշի դերերգը կատարել է նաեւ Միացյալ Նահանգներում 2001 թվականին Դեթրոյթի օպերային թատրոնում: Արմեն Տիգրանյանի օպերան բեմադրել էր Ժիրայր Փափազյանը, դերակատարներից միայն Հասմիկ Պապյանն ու Եղիշե Մանուչարյանն (Սարո) էին հայ:

Երգչուհին այսօր ասաց, որ այդ բեմադրությունը արժանացել էր շատ ջերմ ընդունելության. - «Պատկերացրեք, շատ հուզիչ էր, երբ սեւամորթները պարում էին մեր քոչարին»:

Հասմիկ Պապյանը պատմեց իր 25-ամյա ամենեւին ոչ դյուրին ստեղծագործական ուղու մասին` նշելով, որ դա «ամենօրյա տքնաջան աշխատանքն է»` հատկապես արտասահմանում:

Կարեւորը, ըստ նրա, իմանալն է, թե ինչ ես փնտրում. - «Որովհետեւ կան երգիչ-երգչուհիներ, որոնց համար ինչ որ ունեն, քիչ է թվում: Ուզում են ավելին ունենալ… Արվեստագետին որոշ ժամանակ է տրված` 20 տարի, 25 տարի բեմում քայլելու, երգելու, ինքնահաստատվելու, ինքնարտահայտվելու: Եվ այդ ժամանակը պետք է լավագույնս օգտագործել: Դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը… Այս գիտակցությամբ պետք է ապրել: Եվ այդ ագահությունը բեմում, աշխարհը գրավելու, տիրելու մոլուցքը շատ վտանգավոր է: Ինձ թվում է, որ մարդը պետք է գոհանա, կարողանա ուրախանալ ունեցածով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG