Մատչելիության հղումներ

Զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը վերանայվում են


Հայաստանի պաշտպանության նախարարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման եւ առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Սեյրան Օհանյանը:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Նիստի ընթացքում Սեյրան Օհանյանը եւ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշել են, որ խմբի գործունեությունն ուղղված կլինի զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչպես նաեւ զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը եւ դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը: Աշխատանքներում ներգրավվելու են նաեւ զինդատախազության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստին մասնակցել են նաեւ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված իրավախախտումների կանխարգելման, օրինականության եւ կարգապահության ամրապնդման հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդամները: Փոխնախարար Արա Նազարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը քննարկելու է զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական եւ իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դեպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նվազման միտումներն ու օրինաչափությունները, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG