Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոնը սկսում է այցը Հարավային Կովկասի երկրներ


Քեթրին Էշթոն
Քեթրին Էշթոն
Երեքշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից սկսվում է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը:

Ադրբեջանի քաղաքական որոշ ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ մտավորականներ նամակով դիմել են Էշթոնին` նրա ուշադրությունը հրավիրելով երկրում մարդու իրավունքների ոլորտում զգալի վատթարացման, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումների, հանրահավաքների անցկացման արգելքի եւ քաղաքական դրդապատճառներով բանտարկությունների վրա:

Նրանց խոսքով` երկրի դատական համակարգը կախման մեջ է կառավարությունից եւ ճնշումների գործիք է դարձել իշխանության ձեռքին:

«Չնայած Եվրամիության հայտարարություններին` Ադրբեջանում մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության վերաբերյալ, եվրոպական որոշ երկրների ղեկավարներ ակտիվորեն աջակցում են եւ համագործակցում Ադրբեջանի իշխող վարչակարգի հետ` էներգետիկայի ոլորտում ունեցած շահերը գերադասելով ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքներից եւ օրենքի գերակայությունից», - ասված է ընդդիմադիրների նամակ-դիմումում:

«Այդ երկրների ղեկավարները գովերգում են Ադրբեջանի իշխանությանը, որը Եվրոպայում միակ ժառանգական-տոհմական իշխանությունն է: Այդ ամենը Ադրբեջանի ժողովրդին հիասթափեցնում է, իսկ այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում, որ Ադրբեջանը եվրոպական ուղին ընտրի, հնարավորություն է տալիս հակաարեւմտյան քարոզարշավ իրականացնել», - Էշթոնին գրում են Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը։

Ընդդիմադիրները հավելում են, թե Ադրբեջանը արել է իր եվրոպական ընտրությունը արդեն 93 տարի առաջ` ստեղծելով առաջին դեմոկրատական հանրապետությունը:

Նամակի հեղինակները կոչ են անում Էշթոնին եւ եվրոպական կառույցներին ավելի պահանջկոտ լինել Ադրբեջանի նկատմամբ` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու առումով:

Ադրբեջանից հետո Էշթոնը վաղը կայցելի Թբիլիսի, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի ղեկավարության հետ, եւ նոյեմբերի 17-ին իր տարածաշրջանային այցը կավարտի Երեւանում:

Հայաստանում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Քննարկումների առանցքում է լինելու նաեւ ղարաբաղյան խնդիրը:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը էշթոնի այցի կապակցությամբ գրում է, որ Եվրոպան դժգոհ է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում նկատվող լճացումից եւ ցանկանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG