Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 15-ի մամուլ


«Երկիր»-ն այս կապակցությամբ գրում է. - «Իջեւանում պարտությունը ողբերգություն չէ ՀՀԿ-ի համար: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ կուսակցությունն իր թեկնածուի` գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հաղթանակի համար գրեթե ոչինչ չէր արել, ինչը ընդամենը կարող է նշանակել, որ այդ ընտրությունների ելքը ՀՀԿ-ի համար լուրջ քաղաքական նշանակություն չուներ: Մյուս կողմից` չի բացառվում, որ կուսակցությունը պարզապես զոհել է այս ընտրությունները, ինչպես նաեւ իր թեկնածուին այն քաղաքական ուղեգծին, որը վերջին շրջանում փորձում է զարգացնել իշխանությունը` կապված 2012-ին աննախադեպ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու ցանկության հետ, որի մասին Բրյուսելում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսինքն՝ թույլ տալով մրցակցին հաղթել առանձին վերցրած մեկ համայնքում` ՀՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե իր ցանկություններն օդում կրակված խոսքեր չեն միայն, եւ որ պատրաստ է առարկայորեն ապացուցել հանդուրժողականությունը մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ: Եթե այդպես է, ապա իջեւանյան ընտրություններն իշխանությունների կողմից հանրային նոր սպասումների ձեւավորման տիրույթից են, որոնք պայմանավորված են «նոր սկիզբ» ապահովելու մասին` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ուղերձներով»:

Նույն հարցի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ, երբ հայտնի դարձավ, որ ընտրություններում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, կայքերը վերստին հիշեցին «ՀՀԿ-ԲՀԿ անհաղթահարելի հակասությունների մասին»։ Ապա եզրակացրին` «Իշխանափոխությունն այլեւս անխուսափելի է»: Ընդ որում, հատուկ շեշտելով, թե ԲՀԿ թեկնածուին պաշտպանում էին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Հետաքրքիր է, ինչո՞ւ այս ուժերը Իջեւանի քաղաքապետի թեկնածու չեն առաջադրել, եւ ստիպված են եղել «սատարել» ԲՀԿ-ականին: Լուրը տարածողները, սակայն, իրենց նեղություն չտվեցին այս հարցն ուղղել ընդդիմադիր ուժերին: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է «մերիտոկրատիա» ձեւավորել, ինչը ենթադրում է արժանավորների առատություն ՀԱԿ-ում: Բայց, պարզվում է, անգամ Իջեւանի քաղաքապետի արժանի թեկնածու չեն ունեցել, այլապես ինչո՞ւ պետք է չմասնակցեին ՏԻՄ ընտրություններին»:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Փորձագիտական հանրությունն ու քաղաքական կյանքով հետաքրքրվող քաղաքացիները, բնականաբար, փորձում են հասկանալ, թե ինչի հետ գործ ունեցանք այս ընթացքում: Հնարավոր է, որ թե' ԲՀԿ, թե' ՀՀԿ վերեւները որոշակիորեն ինքնահոսի էին մատնել ՏԻՄ մակարդակում տեղի ունեցող այդ գործընթացը` փորձելով կողքից կամ այսպես ասած` վերեւից հետեւել իրադարձությունների զարգացմանն ու տեսնել, թե արդյոք որքանով է արդյունավետ իրենց, այսպես ասած, շարքերի ինքնակարգավորումը, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Բայց, տեսնելով, որ իրավիճակը իքս պահին դուրս է գալիս վերահսկողությունից, վերեւները ստիպված եղան միջամտել: Հատկանշական է, որ միջամտության հարցում, այսպես ասած, «իրավունքը» տրվեց ԲՀԿ-ին, իսկ «Հանրապետականը» կարծես թե այդպես էլ բարձր մակարդակից գործնական միջամտության չդիմեց: Չի բացառվում, որ սա էլ, այսպես ասած, ընդհանուր մարտավարության նախավարժանքային մի քայլ էր, երբ տեղերում հարկ կլինի օգտագործել նաեւ ԲՀԿ ռեսուրսը, տեսնել, թե այդ կուսակցությունն ինչքանով է ունակ օպերատիվ արձագանքել իրավիճակին եւ կայացնել որոշումներ, այն վերցնել վերահսկողության տակ: Այդ առում, ԲՀԿ-ն երեւի թե հանձնեց քննությունը ՀՀԿ-ի մոտ` ցույց տալով, որ այսպես ասած` ՀՀԿ-ական վերին քարտ-բլանշի առկայության պարագայում կարող է տեղերում հարկ եղած դեպքում տիրապետել իրավիճակին»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է Սյունիքի մարզպետին առնչվող աղմկահարույց միջադեպին. - «Մինչ ԲՀԿ-ն ամբողջ ներուժն օգտագործում է, թվում է, մի փոքրիկ Իջեւան քաղաքում հաղթանակի հասնելու համար, ՀՀԿ կարկառուն անդամներից մեկը հարձակվում է գործարար կնոջ վրա, որը համարձակվել է իր հասցեին մի երկու թթու խոսք ասել, ու աքացիներով փորձում հաշվեհարդար տեսնել։ Մեր իշխանավորների դժբախտությունն այն է, որ սրանք ո'չ բարձրորակ ու անփոխարինելի մասնագետներ են, ո'չ գրագետ ու կրթված գործիչներ, ո'չ իրենց գործի նվիրյալներ, ո'չ հայրենիքի նկատմամբ սիրով տոգորված անձինք, ո'չ երկրի նորմալ քաղաքացիներ, ո'չ էլ անգամ տղամարդկային որակներով փայլող անհատներ։ Միայն թույլ ու նվաստ մեկը ձեռք կբարձրացնի կնոջ վրա։ Միայն խեղճ ու ողորմելի իշխանությունը նման մեկին կհանդուրժի իր մեջ։ Սրա նմանների վրա հույսը դրած իշխանությունը կանխավ պարտված է, քանզի ոչ մի ծառայություն, ձայների ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել այն վնասը, որ սրա նմանները տալիս են նույն այդ ՀՀԿ-ին ու նրան հանդուրժող նախագահին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG