Մատչելիության հղումներ

logo-print

Կին գործարարը հաստատում է Սյունիքի մարզպետի կողմից ծեծը


Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երկուշաբթի երեկոյան հարվածել է իրեն Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ժամը 17-ի սահմաններում։ Համբարձումյանը պատմեց, որ երբ ավարտել է իր հանդիպումը օտարերկրացի հյուրի հետ եւ պատրաստվել է դուրս գալ, հյուրանոցի դռնից ներս է մտել մարզպետը։

«Եկավ Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, ու թափով, վերարկուով մոտեցավ ինձ։ Որ մոտեցավ` փորձեց սկզբից ոտքով խփել` վերարկուն չթողեց։ Երբ վերարկուն չթողեց, ինքը գլխիս ձեռքով խփեց։ Որ խփեց` այնտեղ տղամարդիկ կային` իրեն սկսեցին քաշել ու նստեցրին առանձին։ Ես գնացի հեռու, ուզում էի ոստիկանություն դիմել, բայց զանգահարեցի իմ փաստաբանին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սիլվա Համբարձումյանը։

«Շատ հուզված էի։ Ծեծը չէր կարեւորը, այդ վիրավորանքն էր ինձ համար, որ տղամարդը, պետական պաշտոնյան կնոջ վրա` չնայենք որպես գործարար, որպես կին նայենք, կնոջ վրա ձեռք է բարձրացնում։ Հայ տղամարդն է այդպես վարվում` ո՞նց կարելի է», - ասաց Համբարձումյանը։

Նրա վկայությամբ` մարզպետը այդ ժամանակ «ընդհանրապես չէր խոսում, ոչինչ չխոսեց»։ «Իսկ իր ընկերները ասացին` «Ներող եղիր, ներողություն իր կողմից», ասացի` «Չէ, թող ինքը ներողություն խնդրի», ու ինքը գնաց», - պատմեց Սիլվա Համբարձումյանը։

Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, բացի այդ դեպքին ականատես են եղել պատգամավորներ, այնուհետեւ հյուրանոց է եկել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

«Խաչիկ Մանուկյանն էր, «Արարատ հայաթ»-ի Սամվել Սարգսյանը, հետո եկավ [Արմեն] Ղուլարյանը, որը զարմացավ: Էդ մարդիկ պատմում էին, ինքը շշմած կանգնած էր», - ասում էր Համբարձումյանը:

Սիլվա Համբարձումյանի հետ զրուցելուց հետո «Ազատություն» ռադիոկայանը զանգահարեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հեռախոսազանգին պատասխանող անձը ներկայացավ որպես Խաչատրյանի վարորդ եւ հայտարարեց, որ կնոջ պնդումները իրականությանը չեն համապատասխանում:

«Չէ, իրեն սխալ են մեղադրում, քանի որ այդպիսի բան չի եղել», - ասաց այդ անձը եւ հաջորդ հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը:

Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց` Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը որակելով հորինված, բացարձակ սուտ եւ զրպարտություն` ուղղված Սյունիքի մարզպետի դեմ:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ «Մարիոթ» հյուրանոցից պարզել, թե ի՞նչ է կատարվել եւ ի՞նչ են ֆիքսել տեսախցիկները: Հյուրանոցի անվտանգության ծառայությունից պատասխանեցին, որ իրենք ոչինչ չեն տեսել, տեսախցիկներն էլ ոչինչ չեն ֆիքսել: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց. - «Էդ հատվածում [տեսախցիկ] չի եղել»: Հարցին, թե այսինքն հաստատո՞ւմ է, որ սրահի ինչ-որ հատվածում նման բան եղել է, նա պատասխանեց, որ ինքը ոչինչից տեղյակ չէ:

Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարում է` եթե տեսագրությունը ջնջվի կամ վնասվի, բողոք կուղարկի «Մարիոթ» հյուրանոցի բարձրագույն ղեկավարությանը, եւ այդ մասին հյուրանոցի անվտանգության ծառայությունը զգուշացված է:

«Ամեն ինչ կարող է պատահել: Եթե Սյունիքի մարզպետը հրապարակի կենտրոնում ուզում է կին ծեծի, արդեն ամեն ինչ սպասելի է», - ասաց Համբարձումյանը:

Օրերս Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը մեղադրել էր մարզպետին` իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից 100 միլիոն դրամից ավելի արժողությամբ սարքավորումներ յուրացնելու մեջ: Այնուհետեւ մամուլի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը սկսեց ստուգել մատնանշված հանգամանքները, եւ փաստորեն այս ֆոնին տեղի ունեցավ երեկվա միջադեպը:

Հարցին, թե ասուլիսից հետո մինչ այդ միջադեպը սպառնալիքներ եղե՞լ են մարզպետի կողմից, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց, որ սպառնալիքներ չեն եղել, բայց մարզպետը հերքել է իր պնդումները եւ լրատվամիջոցներով վիրավորել իրեն:

«Ինքը ասել է լրագրողներին, որ ես հոգեկան հիվանդ եմ: Ես էդ բառի համար դատարան էի տալիս, ինքը մարդիկ էր գտել, որ դատի չտամ, ես էլ ասում էի` միայն մի դեպքում, երբ որ ամբողջ գումարը կփոխանցի եւ հրապարակայնորեն ներողություն կխնդրի, ես պատրաստ եմ», - ասաց գործարարը:

Խաչատրյանի արարքը Համբարձումյանը որակեց «խուլիգանություն»։Հարցին, թե ի՞նչ հատկանիշներով պետք է քրեական գործ հարուցվի, Համբարձումյանը պատասխանեց. - «Ե'վ գողության, ե'ւ խուլիգանության: Ես կարծում եմ, որ սա նաեւ քաղաքական խնդիր է, պետք է լուծվի այս հարցը։ Չեն կարող ծածկել։ Դպրոցի երեխային ծեծեց, եւ այլն, այդքան բաներ անելուց հետո հիմա ես հո չե՞մ փակելու բերանս։ Ես պայքարելու եմ մինչեւ վերջ»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG