Մատչելիության հղումներ

Երեւանի դատախազությունը ստուգում է «Հարսնաքար»-ի գործի կարճման օրինականությունը


Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Երեւան քաղաքի դատախազությունն այժմ ստուգում է, թե որքանով է օրինական Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ամիսներ առաջ տեղի ունեցած զինված միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Գործը քննել եւ կարճել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը, ինչի արդյունքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից Աշոտ Սնջոյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Մամուլի հրապարակումների համաձայն, «Եզդի Աշոտ» մականունով հայտնի Սնջոյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նա մեղադրվում էր անզգուշությամբ 2 կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 15-ի գիշերը, երբ ռեստորանում հարսանեկան խնջույքի ժամանակ ծագած անհամաձայնությունն ավարտվել էր կրակոցներով, եւ կրակոցների հետեւանքով 33-ամյա Նորայր Աթոյանը ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը ոտքերի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Աղմկահարույց այս դեպքից հետո շուրջ 10 օր շարունակ քրեական գործ չէր հարուցվում: Այնուհետեւ գործ հարուցվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով: «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակից Աշոտ Սնջոյանին մեղադրանք առաջադրվեց միջադեպից 20 օր հետո միայն` սեպտեմբերի 5-ին, որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: Արդեն նոյեմբերի 3-ին գործը կարճվել է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հիմքով է Սնջոյանն ազատվել քրեական պատասխանատվությունից, ոստիկանության հասարակայնության կապերի վարչությունից պատասխանեցին, որ տուժողները հաշտվել են մեղադրյալի հետ, գործը կարճվել է հենց այդ հիմքով` Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով:

Վնասվածքներ ստացած Նորայր Աթոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս հաստատեց, որ Սնջոյանի հետ հաշտվել են. - «Այո, ամեն ինչ նորմալ է», - ասաց նա` չմանրամասնելով, թե ինչ պայմաններով է հաշտվել:

Տուժողն ասաց, որ մինչ այդ դեպքը Աշոտ Սնջոյանին չի ճանաչել, եւ որ վերջինս իրեն պատահաբար է մարմնական վնասվածքներ հասցրել, ոչ թե դիտավորությամբ: Նա ասաց` հիմա իր վիճակը նորմալ է եւ մեզ իրեն չանհանգստացնել: Ըստ մամուլի հրապարակումների, Նորայր Աթոյանը պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներից է:

Գլխավոր դատախազության խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Ավան եւ Նոր Նորք համայնքերի դատախազությունը արդեն ստուգել է այս գործը կարճելու որոշման օրինականությունը եւ այն համարել է օրինական, ինչից հետո էլ վերադասության կարգով ստուգումներ է սկսել Երեւանի դատախազությունը:

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակից փաստաբանները, որոնք մշտապես զբաղվում են տարաբնույթ քրեական գործերով, նկատեցին, որ եթե նույնիսկ այս դեպքում կարճելու որոշումը օբյեկտիվ է եղել, այնուհանդերձ մոտեցումը նույնը չէր լինի, եթե 2 անձի հրազենային վնասվածքներ հասցներ որեւէ պաշտոնյայի հետ առնչություն չունեցող շարքային քաղաքացի: Փաստաբան Լուսինե Սահակյանը իր պրակտիկայից վկայակոչեց մի դեպք, երբ անձը երկար տարիների ազատազրկման է դատապարտվել օդ կրակելու համար:

«Որեւիցե մեկի թիկնապահը չէր, օլիգարխ չէր: 4 անգամ օդ էր կրակել եւ դրա համար դատապարտվել 9 տարի ազատազրկման: Մեղադրվել է սպանության փորձով այն պարագայում, երբ սպանության փորձի մասին խոսելը ուղղակի այդ դեպքում ավելորդ էր, որեւէ մեկը մարմնական վնասվածք չէր ստացել», - ասաց Սահակյանը` ամփոփելով, որ Հայաստանում «օրենքի առաջ հավասարության մասին խոսելը ավելորդ է»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ համոզված էր, որ ցանկացած այլ պարագայում «Հարսնաքար»-ի տիպի դեպքերը կորակվեին խուլիգանություն:

«Եվ քանի որ զենք է կիրառվել, կորակվեր խուլիգանության հոդվածի 4-րդ մասով, անձը հաստատ կազատազրկվեր 7-ից ոչ պակաս տարով», - ասաց փաստաբանը:

Վարոսյանն ասում է` պատճառն այն է, որ իշխանությունը «հովանավորում է օլիգարխներին». - «Հենարանի խնդիր է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG