Մատչելիության հղումներ

Պատրիարքը հորդորում է վերականգնել գործարարի քաղաքացիությունը


Վրաստան - Գործարար Բիձինա Իվանիշվիլին ութ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 7-ը նոյեմբերի, 2011թ.
Վրաստան - Գործարար Բիձինա Իվանիշվիլին ութ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 7-ը նոյեմբերի, 2011թ.

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բողոքարկում է իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու` նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշումը։

Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանում քաղաքական սկանդալ պայթեց. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով համարվում է ամենահարուստ վրացին եւ, Forbes հանդեսի տվյալներով, աշխարհում ամենահարուստների ցանկում զբաղեցնում է 185-րդ տեղը, հայտարարեց, թե մուտք է գործում քաղաքական ասպարեզ։

Նա ասաց, որ մտադիր է հաջողության հասնել հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում եւ դառնալ Վրաստանի վարչապետ։ Այդ նպատակով նա ստեղծել է «Վրացական երազանք» շարժումը։

Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսի մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ, ուստի նրան անվանում են ռուսաստանցի գործարար։

Բիզնեսից բարեգործությամբ զբաղվող լռակյաց Իվանիշվիլիի ֆինանսական ահռելի միջոցները բավական են Վրաստանում ուժերի դասավորությունը փոխելու համար, եւ զարմանալի չէ, որ անմիջապես իրարանցում սկսվեց թե՛ վեճերի մեջ ներքաշված ընդդիմության դաշտում եւ թե՛ ընտրություններում վարչական լծակները կիրառելուն պատրաստվող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ճամբարում։

«Այդ ընտրությունները բացառապես տարբեր կլինեն, թող նախագահ Սահակաշվիլին եւ նրա շրջապատը չկարծեն, թե հին պատմությունը կրկնվելու է։ Այսօր նույնիսկ Սահակաշվիլիի մայրը նրան ձայն չի տա», - ասել է 55-ամյա Իվանիշվիլին։

Իշխանությունները արագ արձագանքեցին` Իվանիշվիլիին զրկելով Վրաստանի քաղաքացիությունից, այն պատրվակով, որ նա դեռ չի հրաժարվել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ապա իշխանությունները սկսեցին ստուգումներ անցկացնել Իվանիշվիլիին պատկանող բանկերից մեկում։

Իշխանամետ պատգամավոր Գիորգի Գաբաշվիլին ասել է, թե միամտություն կլիներ կապ չտեսնել քաղաքական ակտիվության եւ Ռուսաստանում կուտակված հարստության միջեւ։ «Ռուսաստանում միլիարդներ դիզելը նշանակում է անձնական սերտ կապեր ունենալ Կրեմլի հետ», - հայտարարել է պատգամավորը։

Ինքը մեծահարուստը ասել է, որ հրաժարվելու է այլ երկրների քաղաքացիությունից եւ վաճառելու է իր բիզնեսի ռուսաստանյան բաժինը։

Մինչդեռ, այս խնդրում նոր զարգացում է արձանագրվել։ Իվանիշվիլիի քաղաքացիությունը վերականգնելու մասին է խոսել Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը։

«Շատ են խոսում այն մասին, թե արդյո՞ք Իվանիշվիլին պետք է Վրաստանի քաղաքացի լինի։ Իհարկե, պետք է լինի, որովհետեւ վրացի է, հուսով եմ, որ նախագահը կլուծի այդ հարցը», - ասել է Վրաստանի հոգեւոր առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG