Մատչելիության հղումներ

Ստեղծագործելու անսահմանափակ տարածություն «Մեկ քառակուսի մետրում»


Նվազագույն դեկորացիա, սահմանափակ թվով դերասաններ, համենայն դեպս այնքան, որքան կտեղավորվեն մեկ քառակուսի մետրի վրա, մինչեւ 45 րոպե ժամանակ եւ խոսքդ հանդիսատեսին հասցնելու հնարավորություն:

Այս վերջինը թերեւս սկսնակ բեմադրիչներն ու դերասաններն ամենից շատն են գնահատում երեկ ՆՓԱԿ-ում ավարտված «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնի մեջ:

«Փառատոնը հնարավորություն է տալիս քանդել սահմանը կամ մտահղանալ՝ ինչպես ապրել եւ արտահայտվել սահմանափակ պայմաններում: Սա իսկական փորձառական միջոց է, երբ ստեղծվում է որոշակի սահմանափակում եւ ստեղծագործ միտքը սկսում է հնարքներ գտնել՝ այդ սահմանափակումներից կամ օգտվելու, կամ շրջանցելու դրանք», - ասաց ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանը:

Երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները նշում էին, որ ՆՓԱԿ-ը եւ «Մեկ քառակուսի մետրը» իրենց տալիս են բեմ, տալիս են հնարավորություն՝ «պատմելու իրենցը իրենց ընտրած մեթոդներով»: Խաղում էին քառակուսու վրա, կամ ներսում, կամ առհասարակ՝ առանց դերասանների:

«Այս փառատոնը գեղարվեստական առումով որոնումների ոչ մի սահմանափակում չի դնում, ընդհակառակը՝ որղջունում է նորարարական մոտեցումները, համարձակ լուծումները: Այդքան չի միջամտում երիտասարդների փորձերին, որքան էլ դրանք պարադոքսալ, ծայրահեղ, գուցե անհասկանալի լինեն, որովհետեւ երիտասարդին պետք է ի վերջո հնարավորություն ընձեռել թեկուզ սխալվելու, շեղվելու գնով հասնել ինչ-որ բանի, որը սեփական գտածը կլինի», - նշեց կինոգետ, կինոքննադատ Զավեն Բոյաջյանը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ մեկ քառակուսի մետր մակերեսով բեմն այն սահմանափակ տարածքն է, որտեղ բեմադրիչները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց ազատությունը:

Մասնագիտությամբ բժիշկները, լրագրողները, մանկավարժները բեմից պատմում էին կյանքի ու մահվան, սիրո ու անտարբերության, համամարդկայինի ու իրենց անձնականի մասին:

Փառատոնը հետաքրքիր է նաեւ նրանով, որ դրա ընթացքում նախատեսվում է քննարկում բեմադրիչների հետ, երբ նրանք պատասխանում են հանդիսատեսի կամ քննադատների հարցերին: Հիմնական քննադատությունը, որ հնչեց, դա երիտասարդների կողմից կաղապարների հաճախակի օգտագործումն է, ինչը, ըստ կինոքննադատ Զավեն Բոյաջյանի, երբեմն կրթության հետեւանք է, երբ երիտասարդներին ավելի շատ ակադեմիական մոտեցումներ են դասավանդվում. - «Եվ քանի որ երիտասարդ են, այդքան լայն մտահորիզոն, կենսափորձ, թատրոնում արվեստի հետ շփվելու փորձ չունեն, որն էլ նրանց ստիպում է ընտրել արդեն գոյություն ունեցող կաղապարներ, որոնցից նրանց դասավանդողներն են օգտվում»:

Բացի բեմադրիչների հետ քննարկումներից «Մեկ քառակուսի մետրում» եւս մի ավանդույթ կա: Պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակներից զատ, կա նաեւ «Հեղինակների ձայն» մրցանակը, որը տրվում է մեկ ներկայացման՝ մասնակից բեմադրիչների քվեարկության հիման վրա: Այս տարի դրան արժանացավ Օնիկ Ֆահրադյանը իր «Փոքրիկ կյանք» ներկայացմամբ:

Օնիկը սովորում է Բժշկական համալսարանի 6-րդ կուրսում: Փոքրիկ կյանքն իր երրորդ բեմադրությունն է: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումներ բեմադրելուն իր մասնագիտությունը բնավ չի խանգարում. - «Պահեր կան, որ բժշկությունը օգնում է ինձ: Բժշկությունն էլ է շատ մոտ արվեստին՝ լինելով հաստատուն գիտություն, որովհետեւ ստեղծագործելու շատ պահեր են լինում»:

«Ներկայացումը կյանքի եւ մարդու մասին էր: Ես մարմնավորում էի կյանքը, որը մեր պատկերացմամբ այդպիսին է՝ չի մեծանում, ինչպիսին կա, այդպիսին էլ մնում է: Հերթով մարդիկ գալիս-անցնում են, ու ես հերթով ճանապարհում եմ նրանց», - ասաց ներկայացման դերասանուհի Անուշը:

XS
SM
MD
LG