Մատչելիության հղումներ

«Մեզ անհանգստացրել էր բարեկամ երկրի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքը»


Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի խոսքերով, Քիշնեւը չեղյալ հայտարարած գործարքի առնչությամբ անհրաժեշտ բացատրություններ է ներկայացրել։

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Հայաստանին զենք վաճառելու գործարքից, որն Ադրբեջանը վերջերս խստորեն դատապարտել է։

«Գործարքը, որով նախատեսվում է սպառազեն վաճառել Հայաստանին, չի իրականացվի։ Նախարարությունը որեւէ այլ հայտարարությամբ հանդես չի գալու, քանի դեռ շարունակվում է այդ պայմանագրի կնքման հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությունը», - ասվում է նոյեմբերի 11-ին նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության փոխանցմամբ, այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե ինչ տեսակի սպառազեն պետք է վաճառվի Հայաստանին։

Մինչդեռ, ադրբեջանական աղբյուրների համաձայն, խոսքը հրետանային եւ հակահրասայլային համակարգերի վաճառքի մասին է։ Այդ զենքը բեռնատար օդանավով սեպտեմբերի 13-ին Քիշնեւից փոխադրվել է Երեւան։

Այս տարի ավելի վաղ Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, թե Քիշնեւը զենք է տրամադրում Երեւանին, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական սկանդալի մոլդովա-ադրբեջանական հարաբերություններում։

Մոլդովայի կառավարությունը պատասխանել է, թե «ռազմամթերքը, որը փոխանցվել է Հայաստանին, չի կարող կիրառվել մարտական գործողություններում»։

Պաշտոնական Երեւանը հրաժարվել է հերքել կամ հաստատել գործարքի փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի
23-ին ասել է, թե «ազգային անվտանգության շահերից չի բխում տեղեկություններ տրամադրել սպառազենի տեսակի, քանակի կամ վաճառող կողմի մասին»։

Բաքվում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդիուին հրավիրել էին արտաքին գործերի նախարարություն եւ բացատրություն պահանջել։ Դեսպանն ավելի ուշ այդ գործարքը որակել է որպես «տհաճ թյուրիմացություն, որը վնաս է հասցրել Ադրբեջանի հետ հարաբերություններին»։

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության տեղեկություններով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վարշավայում սեպտեմբերի 28-ին գումարված Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում այդ խնդիրը քննարկել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի հետ։

Վերջինս ասել է, թե ադրբեջանական կողմից ստացել է «քննարկումը շարունակելու նպատակով Բաքու այցելելու հրավեր»։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը վկայակոչել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասքերովին, ով ասել է, թե «Հայաստանին զենք վաճառելու ապօրինի գործարքի առնչությամբ պաշտոնանկ է արվել Մոլդովայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»։

Դա վկայում է խնդրի նկատմամբ Մոլդովայի լուրջ վերաբերմունքի մասին։ Մոլդովական կողմը պարզաբանումներ է տվել։ Ադրբեջանը եւ Մոլդովան գործընկեր-պետություններ են։

«Մենք համագործակցում ենք ԳՈԻԱՄ-ի շրջանակներում։ Իհարկե, մեզ անհագստացրել է բարեկամ երկրի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքը, եւ նրանք անհրաժեշտ բացատրություններ են ներկայացրել», - ասել է Ասքերովը։

Վերլուծաբանների փոխանցմամբ, Ադրբեջանը նավթի վաճառքից ստացած եկամուտից միլիադրավոր դոլարներ է տրամադրում բանակն արդիականացնելու եւ նոր զինատեսակներ ձեռք բերելու համար` հուսալով, որ հարկ եղած դեպքում ուժով կվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։

Եթե անցյալ տարի Բաքուն զինված ուժերին տրամադրել է 2 միլիարդ 150 միլիոն դոլար, ապա այս տարի այդ գումարը պետք է հասցնի 3 միլիարդ 300 միլիոնի, մինչդեռ, ինչպես ռազմական փորձագետներն են նշում, Հայաստանի ռազմական բյուջեն 2011-ին կազմել է մոտ 400 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG