Մատչելիության հղումներ

Իջեւանում պարտված թեկնածուն չի բողոքարկել ընտրության արդյունքերը


Իջեւանի քաղաքապետի ընտրություններ, 13 նոյեմբեր, 2011

Իջեւանում քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթեց Հանրապետական կուսակցությանը:

Կիրակի օրը կայացած ընտրություններում գործող հանրապետական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ստացավ ձայների 39 տոկոսը, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանը` 58 տոկոսը: Առաջիկա 4 տարում Իջեւանի նախկին ավագանու անդամը խոստացել է զարգացնել քաղաքը, ասֆալտապատել, փողոցները լուսավորել, շենքերը նորոգել:

Դեռեւս պաշտոնավարող Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը քվեարկության արդյունքները չի բողոքարկի:

Թեեւ Վարդան Ղալումյանը ինքնառաջադրվել էր, բայց հարազատ կուսակցությունը սատարեց նրան: Իջեւան էին եկել անգամ ԲՀԿ-ական մի քան պատգամավոր: Իսկ հանրապետական թեկնածուին սատարելու համար կուսակցական պատգամավորներ Իջեւան չէին եկել:

Շուրջ 13 տարի քաղաքը ղեկավարած Վարուժան Ներսիսյանը կիրակի օրը ընթացող քվեարկության ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ԲՀԿ-ն ընտրակաշառքներ է բաժանում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, ամբողջ շտաբի հետ միասին, երեկոյան կողմ մեր քաղաքացիների անդորրը խաթարելով, տարբեր ընտրակաշառքներ է բաժանել` սկսած ալյուրից, վերջացրած դրամական միջոցներով: 5-15 հազար դրամ են բաժանել: Այդ առիթով ես դիմել եմ իրավապահ մարմիններին, ամբողջ Իջեւանը խոսում է այդ մասին», - ասաց Վարուժան Ներսիսյանը:

ԲՀԿ-ն հերքում է այս լուրը: Իջեւանի ոստիկանությունը, երեկ եւս նման լուր ստանալով, ոստիկանություն էր տարել երկու անձանց: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին կիրակի օրը հայտնել էին, թե ընտրակաշառք բաժանելու լուրը չի հաստատվել ու նրանք ազատ են արձակվել:

Այն պահին, երբ ոստիկանությունը հաղորդեց, թե նման կասկածանքով այլեւս ոստիկանություն տարված մարդ չկա, ԲՀԿ-ի անդամ թեկնածուի վստահված անձերից մեկի հայրը գտնվում էր Իջեւանի ոստիկանությունում:

Սերժիկ Մանուկյանը, ում առավոտյան 10-ին էին տարել ոստիկանություն, ազատ արձակվեց միայն ժամը 19-ի սահմաններում: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդպես էլ չհասկացավ, թե ինչու իրեն տարան ոստիկանություն, հետո էլ ազատ արձակեցին:

«Տարան էնտեղ, էնտեղ սպասեցի, հարցրի, թե ի՞նչ է պատահել, պատասխանեցին, թե կպարզենք, ու ոչ մի բան չպարզեցին, վերջում թողեցին, ասացին` գնա», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մանուկյանը:

Հարցին, թե ոստիկանությունում իրեն ընտրակաշառքի մասին հարց տվե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. - «Չէ, երեւի թե: Տենց բան չկա, ես կաշառքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդ եմ»:

Թեեւ կոալիցիոն գործընկերներ համարվող կուսակցությունների թեկնածուները հայտարարել էին, թե իրենց պայքարը միջկուսակցան չէ, Հանրապետական կուսակցության անդամը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ: Վարուժան Ներսիսյանը ասաց, թե տարբեր կազմակերպությունների անվան տակ դիտորդություն իրականացնող կազմակերպությունները ԲՀԿ-ի հետ առնչություն ունեն: Ներսիսյանի վստահված անձն Ասյա Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դիտորդները միջամտում են հանձնաժողովի աշխատանքներին:

«Իրենց ձեռքում կան առանձին ընտրական ցուցակների պատճեններ, կանգնում են ընտրողի մոտ, որովհետեւ իրենց իրավունք չունեն խոչընդոտելու, նրանք ընտրում են, իրենք ցուցակի վրա ընդգծում են համարները: Առավոտից այդ կռիվն էր գնում այստեղ, վերջապես դա անցկացրին», - պնդում էր Գեւորգյանը:

Մինչդեռ դիտորդները միաբերան պնդում էին, որ ԲՀԿ-ի հետ որեւէ առնչություն չունեն:

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն ասաց, թե քվեարկության օրը որեւէ բողոքի մասին դիմում չի ստացել, ահազանգեր են ստացել դիտորդների կողմից հանձնաժողովի աշխատանքներին միջամտելու վերաբերյալ, որոնք սակայն հերքվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG