Մատչելիության հղումներ

Ռետրո երաժշտությունը իր պատմության մեջ զարգացման մի քանի փուլ է անցել, ըստ այդմ` ենթարկվել է փոփոխման:

Մեր ժամանակներում ռետրո երաժշտությանը ծանոթ են հին, որակյալ երաժշտություն նախընտրող մարդիկ, կամ էլ էլէկտրոնային երաժշտությամբ զբաղվող DJ-ներ, որոնք աշխատում են համակարգչային տարբերակով: Նման երգերի մեջ բառերի ու ոճի հիմքում ընկած է ինչ-որ մի ռետրո կատարում:

Նարեկը տեխնո երաժշտության սիրահար է: Նրա խոսքերով` իր երաժշտական ճաշակը բաժանվում է երկու մասի. սիրում է տեխնո ուղղությունը, հիանում ռետրո-կատարումներով:

«Կա երաժշտություն, որ ես սիրում եմ, լսում եմ: Կա երաժշտություն, որ գնահատում եմ, հարգում եմ: Կան գործեր, օրինակ, «Սքորպիոնսը», «Փինք Ֆլոյդը», ես այդ մարդկանց ստեղծագործությունները ուղղակի գնահատում եմ, որովհետեւ լսվում են ու միշտ կլսվեն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասում է Կարենը:

19-ամյա սաքսաֆոնահար Անժելան, լինելով ռետրոյի մեծ սիրահար, իր դժգոհությունն է արտահայտում այն երեւույթի նկատմամբ, երբ ճանաչված, հին ու որակյալ երաժշտությունը համատեղում են էլէկտրոնային գործիքավորման հետ:

« Ջղայնանում եմ, որ ռետրոյի մեծ գործերը վերցնում են ու սարքում են ինձ համար անընդունելի մի գործ: Հոգով չեն երգում, հոգով չեն գրում: Այդ ամենին ավելի շատ նայում են որպես բիզնես, փող աշխատելու միջոց, ու դա շատ է զգացվում է գործերի մեջ», - ասում է Անժելան:

«Ես կարծում եմ, որ մարդիկ ռետրոն միքսում են հաուսի հետ` լավ PR ձեռք բերելու նպատակով», - ասում է DJ Donz-ը` Արսենը:

Երեւանյան սրճարաններից մեկում ամեն օր տիրում է ռետրո մթնոլորտ. 80-ականների երաժշտություն, ձայնագրություններ, լուսանկարներ ու գրքեր: Սրճարանն օգտագործում է պատեֆոնային սկավառակներ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ: Սրճարանի տնօրեն Մհեր Խաչատրյանն ասում է:

«Ռետրոն ինձ համար ավելի խորը հասկացություն է, այսինքն` նաեւ միջավայրը: Շատ դեպքեր են եղել, մեր հաճախորդների մեծ մասը իրար հետ ծանոթացել են: Միջավայրը ստիպում է, որ մարդիկ իրար հետ շփվեն: Լինում են համերգներ, կինոդիտումներ: Ռետրոն լսում են ոչ թե նրա համար, որ հին է, լսում են, որովհետեւ որակով է», - Խաչատրյանը:

Դաշնակահար Ռիտա Գրիգորյանը, ով 30 տարուց ավելի ամեն օր առնչվում է երաժշտական աշխարհի ու տարբեր տարիքային խմբերի երաժիշտների հետ, բացատրում է, որ հայկական ռետրոն նույնպես կենդանի է, քանի որ ժամանակին ունեցել է երաժշտական մեծ վարպետներ:

«Ժողովուրդը շարունակում է լսել ու սիրել հայկական ռետրոն, քանի որ այդ երգերը գրել են մեծ վարպետներ` Խաչատուր Ավետիսյան, Կոնստանտին Օրբելյան, Առնո Բաբաջանյան… Իսկ այժ մեղեդի չկա, չես կարողանում լսել, համակարգչով ձայնագրված երաժշտությունը չի կարող լինել պրոֆեսիոնալ», - ասում է Գրիգորյանը:

Հարցումների ընթացքում պարզվեց, որ հայ երիտասարդության մեջ էլ ռետրո երաժշտության մեծ սիրահարներ կան:


XS
SM
MD
LG