Մատչելիության հղումներ

Վերջին ամիսներին ստուգումներ են իրականացվել սննդի արտադրության եւ իրացման 21 կետերում, դրանցից 14-ում հայտնաբերվել են տարբեր տեսակների խախտումներ, եւ ընկերությունները տուգանվել են ընդհանուր առմամբ 1.5 միլիոն դրամով։ Այդ մասին հայտնեց գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը։

«Կոնկրետ այս պահին կարող եմ ասել` կաթ-կաթնամթերքի շուկայում իրականանում են ստուգումներ, այս պահին տեսուչները ստուգում են «Անի», «Թամարա» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները։ Ավարտից հետո կստուգվեն մյուսները։ Արդեն միջանկյալ մինչ այդ ստուգվել էր «Արմֆուդ»-ը, դեռ լիարժեք ավարտված չէ։ Վայոց Ձորի մարզում փակվել է «Գեղամ-Գեղարդ» ընկերությունը», - շաբաթ օրը լրագրողներին ասաց Պիպոյանը։

Ըստ օրենքի` տուգանքները տատանվում են 30-ից մինչեւ 500 հազար դրամի (80-ից մինչեւ 1300 դոլար) սահմաններում։ Փաստորեն, եթե սպառողը լրջորեն տուժել է անգամ առողջապես, արտադրողը կամ վաճառողը ոչ այնքան մեծ գումարով կազատվի պատասխանատվությունից։

«Աստված չանի` որեւիցե մի ընկերություն տուգանվի 500 հազարով, 500 հազար դրամ տուգանք կարող է լինել միայն այն դեպքում, եթե մարդուն ինչ-որ բան է եղել», - նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության խոսնակը։

«Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի վիճակագրությունն էլ այս կապակցությամբ հետեւյալն է. - «Այցելել ենք 40 խանութ, որից 17-ը տուգանվել են` համարյա կեսը։ Ըստ որում, Երեւանի երեք համայնքներում` Կենտրոն, Արաբկիր եւ Աջափնյակ։ Արդեն այս թվերը խոսում են այն մասին, որ վիճակը բավականին, տագնապալի չասեմ, բայց լուրջ է»։

Օգոստոսին «Հետք» պարբերականի լրագրողին սպառողներից մեկը բողոքել էր, որ «Երեւան սիթի» սուպերմարկետից իր գնած մանկական շիլան ժամկետանց է եղել։ Խանութում վաճառվող այդ շիլան նկարահանվել էր. նշված պիտանիության ժամկետը միակը չէր, կար եւս մեկը` դրա տակ թաքցված։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ արեց Սննդի անվտանգության պետական ծառայությունը այս կապակցությամբ եւ որքա՞ն տուգանեց «Երեւան սիթի»-ին, Պիպոյանը պատասխանեց, որ կերը ժամկետանց չէր` ժամկետի լրանալուն մնում էր մի քանի օր, ապրանքը վերափաթեթավորվել էր, իսկ ընկերությունը տուգանվել է 100 հազար դրամով։

Տեսանյութում, մինչդեռ, ժամկետի գրությունը առանձին սոսնձված էր շիլայի փաթեթին, իսկ դրա տակ մեկ տարվանից ավելի վաղեմություն ունեցող ժամկետ էր, այսինքն` 15.07.11 ժամկետի տակ գտնվում էր 15.08.10-ը։

Սակայն Սննդի անվտանգության պետական ծառայությունը վստահ է, որ հարցը հրապարակային դարձնելը ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան ցանկացած տուգանք։

«Պատկերացրեք, ընկերությանը 4 միլիոն դրամի ապրանք է գնում ոչնչացման, հակագովազդ է տեղի ունենում, ու դրա հետ մեկտեղ էլ` մի քանի միլիոն տուգանվում է։ Միանշանակ, ապրանքի ինքնարժեքը այնքան պետք է բարձրանա դրանից հետո, որպեսզի այդ վնասները ինքը հետ բերի», - հայտարարեց Պիպոյանը` հավելելով. - «Այստեղ խնդիրը` պետք է նայել, թե արդյո՞ք այդ ոչնչացման ենթակա ապրանքը, արդյո՞ք այդ հակագովազդը բավականին խիստ են եղել ու բավականին պատժելի են եղել»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` նշել կոնկրետ սուպերմարկետների թույլ տված խախտումները, Պիպոյանը արձագանքեց, որ խոշոր ցանցային սուպերմարկետները դեռ մի բան էլ ավելի կարգապահ են մանր խանութներից, եւ նույնիսկ երբ 2 հազար դրամանոց երշիկը վաճառվում է մի քանի հարյուր դրամով, դրանում ոչ մի վտանգավոր կամ հակաօրինական բան չկա։

«Անգամ եթե այն ապրանքը, որ հետ չի վերցնում որեւիցե մի ընկերություն, խոշոր խանութը, իրացնողը ինքը իրեն այդ հաճույքը կարող է թույլ տալ` մի չորս նմուշ, որ իր մոտ մնացել է, չիրացնի ու տա ոչնչացման, դուրս բերի։ Իսկ փոքրիկ խանութների համար այդ երեք նմուշը արդեն լուրջ տնտեսական վնաս է», - ասաց Սննդի անվտանգության ծառայության խոսնակը` հավելելով. - «2 հազար դրամանոց երշիկը վաճառվում էր 800 դրամով. այո, վաճառվում էր, որովհետեւ ժամկետին ընդամենը մնացել էր երկու օր։ Օրենքը չի արգելում»։

Իսկ թե ինչպես է վերահսկվում գյուղացու վաճառած սննդամթերքը, եթե դա միս կամ կաթնամթերք չէ, Սննդի անվտանգության լաբորատոր ծառայությունների կենտրոնի պետ Գեորգի Ավետիսյանը այդ կապակցությամբ ասաց. - «Հնարավոր չէ, որովհետեւ չես կարող այդ ամեն ինչը վերահսկել»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG