Մատչելիության հղումներ

Կույրերի խնդիրները շարունակում են չլուծված մնալ


Աշխատանքի, կրթության, ցածր նպաստների եւ այլ խնդիրները շարունակում են մեծ մասամբ չլուծված մնալ կույրերի համար:

Այս մասին ասաց կույրերի «Հարմոնիա» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը:

Մասնավորապես, իր՝ համալսարանում սովորելու տարիներին Ալբերտը ձայնագրել է դասախոսությունները եւ հետո լսելով՝ սովորել: Այդպես անում են տեսողության խնդիր ունեցող բոլոր մարդիկ:

«Քանի որ բրայլյան գրքեր` թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական, չեն տպագրվում, փորձում ենք այդ բացը լրացնել համակարգչի միջոցով», - ասաց Ալբերտ Աբգարյանը:

Համակարգչից կույրերը արդեն կարողանում են օգտվել «Արեւ» ծրագրի միջոցով: Այս համակարգը աշխատում է հետեւյալ սկզբունքով. երբ, ասենք, ստեղնաշարի վրա սեղմում ես «ա» տառը, դա ուղեկցվում է «ա»-ի բարձրաձայն արտասանությամբ: Այդպիսով կույրերը կարող են համակարգչով տեքստ հավաքել, օգտվել ինտերնետից, երաժշտություն լսել եւ այլն:

«Տարեկան նախկինում 20, հիմա` 10 տեսողության խնդիր ունեցող մարդկանց տրամադրվում է համակարգիչ, որտեղ ներառված է «Արեւ» համակարգը», - ասաց Ալբերտ Աբգարյանը:

Նա նշեց, որ, ցավոք, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միակ արդյունավետ ծրագիրն է:

Մյուսը՝ լուսացույցների խնդիրն է, որի լուծումը շարունակում է օդից կախված մնալ։

«Եթե տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար լուսացույցի հետ փողոցում դրվում է նաեւ ձայնային ազդանշան, դա չի խանգարում մյուսներին: Մենք տարիներ առաջ քաղաքապետին կից խորհրդի նիստերի ժամանակ բարձրացրինք լուսացույցների հարցը, բայց դեռ որեւէ քայլ չի արվել դրա լուծման համար», - նշեց Ալբերտ Աբգարյանը:

Առաջին կարգի հաշմանդամ հանդիսացող կույրերը ամսական ստանում են 14 հազար 200 դրամ (մոտ 37 դոլար), երկրորդ կարգի հաշմանդամները՝ 12 հազար 400 դրամ նպաստ:

Ալբերտի խոսքերով ՝աշխատանքով ապահովված կույրերին կարելի է մատների վրա հաշվել:

Նրանց զբաղվածության խնդիրը նա առաջարկում է լուծել հետեւյալ կերպ. - «Տեսողության խնդիր ունեցող մարդկանց արտադրանքը՝ վարդակներ, վրձիններ եւ այլն, առաջնայնության կարգով գնվի, օրինակ, պետության կողմից: Երբ պետությունը պատրաստվում է գնումներ կատարել իր մի հիմնարկի համար, առաջնությունը տրվի նրանց արտադրանքին»:

Ալբերտ Աբգարյանը առաջարկում է նաեւ կույրերին կամ առհասարակ հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար հարկային դաշտում գործատուի համար արտոնություններ սահմանել:


please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG