Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 12-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Նույնիսկ անզեն աչքով երեւում է, թե ինչպես է մեր հասարակությունը հետզհետե ապաքաղաքականանում։ Արդեն անցել են ժամանակները, երբ քաղաքական մարտերը անկեղծ հետաքրքրություն էին առաջացնում, իսկ կուսակցությունների առաջնորդները հազարավորների կուռքն էին։ Երկրում առաջացավ եւ ճանաչում գտավ «մասնավոր կյանքը», իսկ քաղաքացիներն ընտրության ազատություն ստացան քաղաքականությանը մասնակցելու կամ չմասնակցելու միջեւ։ Օգտվելով այդ իրավունքից, իրենց կենսական էներգիայի մեծ մասը նրանք ուղղում են որեւէ այլ բանի վրա։ Նկատելիորեն փոխվել է նաեւ վերաբերմունքը ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների նկատմամբ։ Բանն այն է, որ ցանկացած հասկացություն, այդ թվում՝ նաեւ ազատական, ոչ այնքան խելացի մարդկանց կողմից բազմիցս կրկնվելուց հետո արժեզրկվում է։ Իմաստազրկվում։ Գոնե ինչ-որ իմաստ վերադարձնելու համար կարեւոր է կասկածի տակ առնել դրանք։ Ազատվել «ազատություն», «ժողովրդավարություն», «իրավագիտակցություն», «իրավահավասարություն» անիմաստ կաղապարներից. ահա թե ինչն է անհրաժեշտ թվում քաղաքական մտքի զարգացման համար»։

«Երկիր»-ի խմբագիրը գրում է. - «Քաղաքական դաշտի իշխանական հատվածում արդեն ուրվագծվում են հիմնական կենտրոնները, որոնք ներկայացնում են այս կամ այն շրջանակի շահերը։ Կոալիցիայում Հանրապետականն ակնհայտորեն պաշտպանում է նոմենկլատուրայի շահերը` իր հիմնական ռեսուրսը համարելով վարչական լծակները։ ԲՀԿ-ն եւ որոշ իմաստով նաեւ ՕԵԿ-ը ներկայացնում են օլիգարխիայի շահերը` իրենց քաղաքական կապիտալը համարելով ֆինանսական միջոցները։ Մինչդեռ վակուումային վիճակում է ընդդիմադիր դաշտը, որտեղ պետք է արտացոլվեին ամենակարեւոր կողմի` հանրության շահերը։ ՀԱԿ-ի վերջնական ձախողումից եւ հեղինակազրկումից հետո այստեղ իշխանական ուժերին հակակշռող ուժ առայժմ չի ձեւավորվում»։

«168 ժամ»-ը գրում է. - «Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքերով, հարկային փաթեթում հիմնական փոփոխություններն արվել են ՀԱԿ-ի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում իր իսկ ելույթից հետո։ Մասնավորապես, պրոգրեսիվ եկամտահարկի սահմանումը, ըստ նրա, միանշանակ կատարվել է իր ելույթից հետո։ Նույնը կարելի է ասել նաեւ շքեղության հարկի, հանքարդյունաբերության եւ օղու ակցիզային հարկի մասին»։ «Ինչ-որ առումով սա նշանակում է, որ ընդդիմությունը (մասնավորապես` ես) կառավարությանը թելադրում է տնտեսական քաղաքականության օրակարգը», - ասել է Բագրատյանը։ «Չլինելով խորհրդարանում` ՀԱԿ-ի ճնշումից դողում են», - ասել է նախկին վարչապետը։

«Առավոտ»-ը գրում է. - «Եթե իրական որոշումներն ընդունվում են ոչ թե խորհրդարանի դահլիճում, այլ լավագույն դեպքում` նախագահականում, իսկ վատագույն դեպքում` քյաբաբի սեղանի շուրջ, պատգամավորական աշխատանքը դառնում է անիմաստ եւ բովանդակազուրկ։ Եվ ինչո՞ւ միայն պատգամավորի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց «ծագումնաբանությամբ» հեռու են ներկայիս վերնախավի այդ համընդհանուր հոգեբանությունից, նրա հետ շփվելով, այսպես ասած, միաձուլվում են մեծամասնությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը` ձեզ օրինակ։ Կարո՞ղ էր նա, ասենք, 20 տարի առաջ պատկերացնել, որ մի «բաժակ բան է խմելու» Թաթայի երաժշտության տակ»։

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Եթե ուշադրություն դարձնենք Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, կապված խորհրդարանի առաջիկա ընտրության կազմակերպման հետ, ապա աչքի է ընկնում երկու հանգամանք։ Մեկը այն է, որ ընտրությունը կազմակերպելու վերաբերյալ արտահայտվում են գրեթե բոլորը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, անգամ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց ոչ այն միակ կառույցի ղեկավարը, ում վրա դրված է ընտրության կազմակերպման եւ անցկացման անմիջական պատասխանատվությունը։ Խոսքը ԿԸՀ նախագահի մասին է։ Թվում է, որ ընտրության որակի, կազմակերպական այլ հարցերի, նպատակների մասին պետք է ամենից հաճախ նա խոսեր, էլ չասած այն մասին, որ առաջինը նա պետք է խոսեր։ Բայց Տիգրան Մուկուչյանը լուռ է։ Հաջորդ, եւ թերեւս ոչ պակաս ուշագրավ հանգամանքն այն է, որ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրության մասին, իշխանության առաջին դեմքերը ինչ տերմին ասես օգտագործում են, բացի մեկից։ Մենք լսում ենք «լավագույն» ընտրությունների մասին, լսում ենք «լավ» ընտրությունների մասին, լսում ենք «միջազգային չափանիշներին համապատասխանող» ընտրությունների մասին, անգամ լսում ենք «արդար» ընտրությունների մասին, սակայն ոչ մի խոսք չկա օրինական ընտրության մասին»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG