Մատչելիության հղումներ

Վանի երկրաշարժի օջախային գոտում հետցնցումները կշարունակվեն եւս երկու տարի


Վանի երկրաշարժի օջախային գոտում հետցնցումները շարունակվում են: Համեմատաբար ուժեղ ցնցումները գրանցվում են նաեւ Հայաստանում:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ Վանի օջախային գոտում ապրողները դեռ երկու տարի էլ զգալու են հետցնցումները:

«Մենք հետցնցումները բաժանում ենք երկու փուլի: Ակտիվ փուլը` առաջին երկու տարին է, երբ թե՛ հետցնցումների ուժգնությունն է բարձր, եւ թե՛ հաճախությունը: Հետագայում սկսում է անկում ապրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի տնօրենը:

Փաստելով, որ Վանի եւ Սպիտակի երկրաշարժային օջախները նույն երկրաբանական, տեկտոնական տարածաշրջանում են` Սերգեյ Նազարեթյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը նվազեցնում է Հայաստանում ուժեղ երկրաշարժի հավանականությունը:

«Նվազեց, որովհետեւ երկրակեղեւի ընդհանուր լարվածային վիճակը թուլացավ», - նշեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի տնօրենը անդրադարձավ նաեւ Հայաստանում վերջին շրջանում գրանցված երկրաշարժերին` հատկապես Գառնու օջախային գոտում տեղի ունեցած երկրաշարժերին, որոնք անմիջապես զգացվում են մայրաքաղաք Երեւանում: Սերգեյ Նազարեթյանի խոսքով, վերջին շրջանում տեղի ունեցած ցնցումները Սեյսմիկ ծառայությանը ստիպել են անցնել դիտարկումների հատուկ ռեժիմի:

«Գառնիի օջախային գոտին սկսել էր աշխատել, Դվինում` Մասիսից հարավ, երկար ժամանակվա լռությունից հետո եղան հետցնցումներ: Անհանգստացած էինք եւ անընդհատ հետեւում էինք մեր դիտարկումների ցանցի տվյալներին», - պատմեց Սերգեյ Նազարեթյանը` հավելելով. - «Այդպիսի նախանշաններ, որոնք մեզ անհանգստանալու հիմք տային, չեն եղել»:

Նազարեթյանի պարզաբանմամբ, երկրաշարժերը, սովորաբար, ունենում են նախացնցումներ` ֆորշոկներ, եւ «լուրջ ցանց ունենալու դեպքում» կարելի էր վտանգի նախանշանները գրանցել եւ իրազեկել: Ժամանակին` 93 թվականին, երբ Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի շուրջը տեղադրվել է սեյսմիկ-հեռաչափական ավտոմատ համակարգ` կազմված 8 կայաններից, հայկական կողմը ցանկություն է հայտնել երկու կայան տեղադրել Թուրքիայի տարածքում: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել կայանների սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը` տվյալները համատեղ օգտագործելու պայմանով, սակայն Թուրքիայի կառավարությունը, չնայած թուրք սեյսմաբանների համաձայնությանը, փաստորեն մերժել է առաջարկը:

«Եթե [Թուրքիայում տեղադրված] կայանը լիներ, մենք ավելի ճիշտ կտայինք այս երկրաշարժի պարամետրերը», - ասում է Նազարեթյանը` հիշեցնելով, որ Վանի երկրաշարժի դեպքում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմից որեւէ կանխատեսում չի եղել:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG